ԱՄՆ-ը Պարսից ծոցի երկրներում առաջարկել է ստեղծել ևս մեկ հակահրթիռային պաշտպանիչ համակարգ` Իրանից պաշտպանվելու համար: Այդ առաջարկությամբ հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ը կոչ էր արել ստեղծել հակահրթիռային պաշտպանիչ համակարգ` աշխարհը ԿԺԴՀ-ի հրթիռներից պաշտպանելու համար:
«ԱՄՆ-ը պատրաստ է գործնական և հստակ քայլեր ձեռնարկել հանուն մեր ընդհանուր անվտանգության»,- Interfax-ի փոխանցմամբ՝ ասել է Քլինթոնը:
Պետքարտուղարը նաև նշել է, որ ԱՄՆ-ը մտադիր է շարունակել խորհրդակցությունները Պարսից ծոցի խորհրդի անդամ երկրների հետ` ուղղված Սիրիայում արյունահեղության դադարեցմանը, Հյուսիսային Աֆրիկայում խաղաղապահ կառույցների սատարմանը:
Նախօրեին ԱՄՆ պետքարտուղարը հանդիպել է Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլահի և արքայազն Սաուդ Ֆեյսալի հետ: Կողմերը քննարկել են Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի վրա ճնշում գործադրելու հնարավոր տարբերակները:
Ռուսաստանը, որը միշտ դժգոհ է եղել ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության ծրագրերից, այս անգամ չի արձագանքել: