Նյու Յորքի դաշնային դատարանում ուրբաթ առաջին լսումներն են անցկացվել Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տոմոշենկոյի հայցով ընդդեմ «ՌուսՈւկրԷներգո» ընկերության և նրա սեփականատեր Դմիտրի Ֆիրտաշի: Հայցն ուղղված է նաև մի շարք պատասխանողների, որոնք մեղադրվում են կոռուպցիայի, խարդախությունների և մարդու իրավունքների խախտման մեջ:
Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, դատավոր Էլիսոն Նաթանն ասել է, որ հնարավոր է գործի վարույթը ընդունի բարձրագույն ատյանը՝ գերագույն դատարանը:
Գործնականում դատարկ դահլիճում դատավորից և նրա օգնականներից բացի՝ եղել են ընդամենը 4 փաստաբաններ և երկու լրագրողներ: Պատասխանողների մեծ մասը արհամարհել է դատարան ներկայանալու ծանուցագիրը:
«Հայցում նկարագրված ոչ մի բան կապ չունի ԱՄՆ-ի հետ: Իրադարձությունները տեղի են ունենում ինքնիշխան պետության տարածքում, ԱՄՆ դատարանի որոշումը այլ երկրի տարածքում իրականացնելու մեխանիզմ գոյություն չունի: Սա ավելի շուտ ներքին քաղաքական հակամարտություն է, քան իրավունքի հարց»,- ասել է փաստաբաններից մեկը:
Տիմոշենկոյի ներկայացուցիչը հայտնել է, որ պատասխանողների թվում են Ուկրաինայի 10 և ԱՄՆ 6 քաղաքացիներ կամ ընկերություններ: Հայցը ներկայացվել է Տիմոշենկոյի, կալանքի տակ գտնվող ընդդիմադիրների, ինչպես նաև ուկրաինացի ժողովրդի անունից:
Հայցում նշվում է, որ Ուկրաինայում քաղաքական հետապնդումները այն բարդ սխեմայի մի մասն են, որը մշակվել է արտասահմանում, մասնավորապես ԱՄՆ-ում՝ փողեր լվանալու համար: Նշվում է, որ Ուկրաինայի իշխանությունները ճնշումներ են գործադրում նրանց նկատմամբ, ովքեր դեմ են հանդես գալիս ձևավորված կոռուպցիոն համակարգին:
Տիմոշենկոյի հայցը կապված է, այսպես կոչված, «գազային կոնֆլիկտի» հետ, երբ Ուկրաինային գազ մատակարարելու շուրջ Մոսկվայի և Ուկրաինայի բանակցությունները փակուղի մտան, և Ռուսաստանը դադարեցրեց գազամատակարարումը Ուկրաինա, իսկ հետո նաև Եվրոպա, քանի որ Կիևը սկսել էր վառելիքի մի մասն օգտագործել սեփական նպատակների համար:
Կոնֆլիկտը լուծվեց վարչապետների մակարդակով, ինչի արդյունքում ռուսական «Գազպրոմը» և ուկրաինական «Նեֆտոգազը» հրաժարվեցին միջնորդների ծառայություններից, որի դերում մասնավորապես հանդես էր գալիս «ՌոսՈւկրԷներգոն»: Վերջինս արդյունքում վիճարկեց 11 մլրդ խոր մետր գազի իր իրավունքը Ստոկհոլմի արբիտրաժում:
Տիմոշենկոն կասկածի տակ է դնում արբիտրաժային դատարանի որոշումը և կարծում է, որ այն վնաս է հասցրել ամբողջ ուկրաինացի ժողովրդին: Կողմերի առաջին միջնորդությունները պետք է դատարան ներկայացվեն արդեն ապրիլին:










































