Առաջիկա նախագահական ընտրություններում Բարաք Օբամայի իրական հակառակորդ, Մասաչուսեթս նահանգի նահանգապետ Միթ Ռոմնին հինգշաբթի օրը ստացել է ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ–ավագի աջակցությունը և այժմ կարող է ևս մեկ ազդեցիկ կողմնակից ունենալ։ Դա Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Փոլ Ռայանն է:
«Մենք, որպես պահպանողականներ, պետք է համախմբվենք Միթ Ռոմնիի շուրջը»,- հայտարարել է Ռայանը: Կոնգրեսականն ընդգծել է, որ ընտրություններին մասնակցող բոլոր հանրապետականներից Ռոմնին միակն է, ով Բարաք Օբամային շրջանցելու հնարավորություններ ունի:
Ռայանի աջակցությունը կարող է վճռական դառնալ հանրապետական թեկնածուի ընտրության հարցում, որովհետև նա մեծ ազդեցություն ունի պահպանողական հանրապետականների շրջանում:
Երեքշաբթի օրը Ռոմնիի համար հարազատ Վիսկոնս նահանգում կկայանան նախնական ընտրությունները: Նախորդ սոցհարցումների ժամանակ նախագահի թեկնածու Սանտորումը ֆավորիտ էր համարվում, սակայան Ռայանի աջակցությունից հետո Վիսկոնսում ֆավորիտ է դառնում Ռոմնին` անցնելով Սանտորումին 8 %-ով:
42–ամյա Փոլ Ռայանը երիտասարդ քաղաքական գործիչ է, ով հեղինակություն է ձեռք բերել ԱՄՆ-ի բյուջեի հսկայական դեֆիցիտը կրճատելու փորձերի շնորհիվ: Նա կտրականապես դեմ է ներկայիս իշխող կուսակցության քաղաքականությանը:
Գործող նախագահի հակառակորդները պաշտոնապես կհայտարարվեն Հանրապետական կուսակցության համազգային համագումարի ժամանակ, որը կկայանա ամռանը, իսկ նախագահական ընտրությունները կկայանան նոյեմբերի 6-ին: