Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը որակազրկվել է 3 խաղով և եվրագավաթային 3 հանդիպումների ընթացքում չի կարող իր թիմի գործողություններին հետևել պահեստայինների նստարանից: ՈւԵՖԱ-ն նման որոշում է կայացրել ֆրանսիացի մասնագետի` Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակիչի շրջանակներում կայացած «Միլան»-ի հետ խաղից հետո հանդիպման գլխավոր մրցավար Դամիր Սկոմինայի հասցեին վիրավորական արտահայտություններ անելու համար:
Բրիտանական մամուլի հաղորդմամբ` խաղից անմիջապես հետո Վենգերը մոտեցել է մրցավարին և վերջինիս մեղադրել կողմնակալության մեջ: Ֆրանսիացու խոսքերը Սկոմինան գրառել է հետխաղյա արձանագրությունում:
Բացի որակազրկումը Վենգերը կտուգանվի 40.000 եվրոյով:








































