Ֆրանսիայի իրավապահ մարմինները այսուհետ կշարունակեն անցկացնել իսլամիստների ձերբակալության գործողություններ այնպես, ինչպես այսօր տեղի են ունեցել Ֆրանսիայի հարավում ու արևմուտքում: Այս մասին «Եվրոպա-1» ռադիոկայանին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին:
«Այս գործողություններին կհետևեն ուրիշները, ինչի շնորհիվ մեր տարածքից կարտաքսվեն մի քանի մարդիկ, որոնք այստեղ անելիք չունեն: Ես կարող եմ ձեզ ասել, որ կալանավորվածներից ոմանց մոտից առգրավվել են «Կալաշնիկովներ»»,- նշել է Սարկոզին:
Զանգվածային գործողության արդյունքում, որն իրականացրել են հանրապետության Ներքին հետախուզության վարչության ու ոստիկանության աշխատակիցները, ճաղերի հետևում են հայտնվել ավելի քան 20 արմատական իսլամիստներ:
Խուզարկությունները կատարվել են երկրի հարավում` Թուլուզում ու Մարսելում, ինչպես նաև Նանտում:
Ոստիկանությունում նշել են, որ գործողության նպատակը հանցավոր շղթայի օղակները խզելն է: Հետաքննիչների խոսքով` այն անմիջականորեն կապված չի եղել «թուլուզյան ահաբեկչի» հետ:
Հիշեցնենք, որ Մուհամմադ Մերան սպանվել էր մարտի 22-ին՝ ոստիկանական գործողությունների հետևանքով: Նրա ծնողները ցանկանում էին Մերային թաղել իրենց պատմական հայրենիքում` Ալժիրում` վախենալով, որ Ֆրանսիայում նրա գերեզմանը կարող է պղծվել, սակայն Ալժիրի իշխանությունները հրաժարվեցին ընդունել Մերայի աճյունը:








































