Մեկ շաբաթ է մնացել Եվրոպայի ծանրամարտի առաջնության մեկնարկին: Թուրքիայի Անթալիա քաղաքում հանդես կգան նաև Հայաստանի պատվիրակները: Հաջողության հասնելու հույս են ներշնչում 69 կգ քաշայիններ, Սամվել Գրիգորյանը, Վանիկ Ավետիսյանը, 85 կգ քաշայիններ Աղասի Աղասյանը, Վահրամ Գևորգյանը, 94 կգ քաշայիններ Վարդան Դավթյանը, Նորայր Վարդանյանը և գերծանր քաշային Հայկ Հակոբյանը: Առաջատարներից Եվրոպայի առաջնությանը չեն մասնակցի Առաքել և Արայիկ Միրզոյանները, Տիգրան Մարտիրոսյանը, Արա Խաչատրյանը և Ռուբեն Ալեքսանյանը:
Հայաստանը նաև կանանց թիմ չի գործուղի Անթալիա: Նրանք բոլորը անհատական ծրագրով նախապատրսատվում են Լոնդոնի Օլիմպիական խաղերին:
Հավաքականը մարտի 23-ից ընդգրկված է Աբովյանում անցկացվող ուսումնամարզական հավաքում: Եվրոպայի առաջնությունը կտևի 10 օր` ապրիլի 6-16-ը:
Առաջնության նախօրյակին Անթալիայում տեղի կունենա Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի հաշվետու-ընտրական համաժողովը: Կմասնակցեն եվրոպական 51 երկրների ներկայացուցիչներ, նրանց թվում նաև Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը և գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը:
Նախագահի պաշտոնին հավակնում են գործող նախագահ, իտալացի Անտոնիո Ուրսոն, փոխնախագահներ Օլիմպիական կրկնակի չեմպիոն, բելառուս Ալեքսանդր Կուրլովիչը, Օլիմպիական չեմպիոն, ռումինացի Նիկո Վլադը և Լեհաստանի ֆեդերացիայի նախագահ Զիգմունդ Վասիյելան: