Իսրայելի արտաքին գործերի նախարար Ավիգդոր Լիբերմանի հրամանով ծրագիր է նախապատրաստվում այն դեպքի համար, երբ Իրանն արդեն միջուկային զենք կունենա: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Հղում անելով մի շարք բարձրաստիճան պաշտոնայների, որոնք ցանկացել են անանուն մնալ, գործակալությունը հայտնում է, որ Իսրայելի ԱԳՆ ծրագրման վարչությանը հանձնարարվել է մշակել համապատասխան ծրագիր: Վարչապետի գրասենյակում հրաժարվել են մեկնաբանել այս խնդիրը` հայտնելով, որ կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի թույլ չտա Իրանին միջուկային զենք ստեղծել:
Նաեւ քննարկվում է Պաղեստինում միակողմանի անկախ պետության հռչակման հարցը: Պաղեստինի ազատագրության կազմակերպությունը կարող է դիմել ՄԱԿ` այդ կազմակերպությունից պահանջելով ճանաչել պետությունը 1967թ. սահամաններով եւ մայրաքաղաքով` արեւելյան Երուսաղեմում: Այս երկու ծրագրերի մասին ոչ մի մանրամասն չի հաղորդվում, սակայն արտահոսքը հավանաբար եղել է Լիբերմանի եւ լրագրողների հանդիպումից հետո՝ հոկտեմբերի 24-ին: Այդ ժամանակ նախարարը խնդրել էր չբացահայտել զրույցի մանրամասները: