Սյունիքի թիվ 37 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված ՀԱԿ նախկին անդամ, Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը բարձրաձայնեց նախընտրական շրջանում մարզում սկսված կամայականությունների մասին:
Հիշեցնելով, որ ինքը նախկինում առաջադրվել է չորս անգամ և իր խոսքերով`միշտ տպավորիչ թվով ձայներ ստացել, Հարությունյանը նշեց, որ միշտ պայքարել է հանուն ազատության, եղբայրության ու համերաշխության:
«Այս օրերին՝ ի դեմս Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի, մարզում արդեն իսկ կամակայանություններ են սկսվել: Դեռ քարոզարշավը չմեկնարկած` նա հավաքում է մարդկանց ու իր բառապաշարով ստիպում անել ամեն բան` ապահովելու համար ինձ հետ միասին նույն ընտրատարածքում առաջադրված հանրապետական 28-ամյա թեկնածու Հայկ Գրիգորյանի հաղթանակը: Բայց հերիք եղավ-բոլ եղավ, ինչքա՞ն կարելի է կամայականություններ հանդուրժել»,- նկատեց Սամվել Հարությունյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ երեկ հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան` խնդրելով անվավեր ճանաչել իր հետ նույն ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Թաթուլ Հակոբյանին Ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության կողմից տրված վերջին հինգ տարում Հայաստանում մշտական բնակության մասին վկայող տեղեկանքը:
«Ես մարտական եմ տրամադրված և վստահ եմ, որ բացարձակ հաղթանակ եմ տանելու ընտրություններում: Սիսիանցիների ու գորիսեցիների ցավը տանեմ: Նրանք միշտ էլ սատարել են ինձ, այս անգամ էլ կսատարեն»,- վստահություն հայտնեց ՀԱԿ նախկին գործիչը:
Անդրադառնալով շաբաթներ առաջ ՀԱԿ-ի նախընտրական դաշինքից հրաժարվելու փաստին` Հարությունյանը նկատեց, որ ինքը հեռացել է ռազմավարական և մարտավարական տարաձայնությունների պատճառով:
«Բայց ամիսներ առաջ նույն ՀԱԿ-ն իմ մասին գովեստով էր խոսում և նույնիսկ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթում մեկնաբանություններ անում իմ մասին: Այդպիսի գեղեցիկ նախադասություններից հետո, սակայն, ՀԱԿ-ը` ի դեմս Վարազդատ Վարդազարյանի, թեկնածու է առաջադրում Սյունիքում»,- զարմանք հայտնեց Գորիսի նախկին քաղաքապետը:
«Ես երբեք ներբողներ չեմ ձոնել Լևոն Տեր-Պետրոսյանի հասցեին, սակայն վայրի կամայականություններին վերջ տալու համար նորից պատրաստ եմ ուս ուսի տված պայքարել նրա հետ, պայքարի պատրաստ եմ նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ»,- ասաց նա:








































