Այսօր Երևանում գումարվեց ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի 4-րդ խորհրդաժողովը: Առաջին խորհրդաժողովը գումարվել էր 2003թ.-ին:
Խորհրդաժողովին մասնակցել են Հայ դատի ավելի քան 25 հանձնախմբերի անդամներ, գրասենյակների պատասխանատուներ, ՀՅԴ մարմինների ներկայացուցիչներ, ընդհանուր թվով` մոտ 60 մարդ: Հիմնականում ներկայացված էին հետևյալ երկրներից` Արգենտինա, Բրազիլիա, ԱՄՆ, Արաբական Միացյալ Էմիրություններ, Արցախ, Ավստրալիա, Եգիպտոս, Երուսաղեմ, Իրան, Լիբանան, Կանադա, Կիպրոս, Հայաստան, Միացյալ Թագավորություն, Ուրուգվայ, Ռուսաստան, Սիրիա, Վրաստան, Քուվեյթ, Ֆրանսիա:
Խորհրդաժողովում քննարկվել են Հայ դատի աշխատանքների ընթացքը` 2010թ.-ի խորհրդաժողովից մինչ օրս, և ՀՅԴ Հայ դատի ռազմավարության հիման վրա առաջիկա երկամյակի աշխատանքային ծրագրերը:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը խորհրդաժողովի ժամանակ նշեց, որ թեև Հայաստանի Ազգային ժողովն ունի տասնյակի հասնող պատվիրակություններ, որոնցից ամենակարևորներն են` ՆԱՏՕ-ում, ԵԽԽՎ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրանեսթում, ՍԾՏՀԿ-ում պատվիրակությունները, սակայն մեր խորհրդարանական կազմը դեռևս պատրաստ չէ դիվանագիտական աշխատանքների: Հովհաննիսյանը առաջարկել է կարևորել խորհրդարանական դիվանագիտությունը:
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքերով էլ՝ Հայաստանի առջև կանգնած արտաքին մարտահրավերների առումով սպեկտրը մեծ է, որը իրենից սպառնալիք է ներկայացնում. դրանք են՝ հայ-թուրքական խնդիրը, Ղարաբաղը, Ջավախքի պատմականորեն չլուծված խնդիրը, իսկ մեր հաջողության բանալին մեր ձեռքում է:
Ռուստամյանի ներկայացմամբ՝ Հայ դատի գաղափարախոսության հիմքում ընկած է պահանջատիրությունը, ինչը պետք է լինի մեր օրակարգում:











































