«Ինտերպոլը» Իտալիայում ձերբակալել է միջազգային հետախուզման մեջ գտնվող, Խարկովի մարզի նախկին նահանգապետ Արսեն Ավակովին: Այս մասին հայտնում է Il Giornale թերթը:
«Երբեմն տարօրինակ պատմություններ հետաքննելիս առաջանում են լուրջ խնդիրներ: Հուսանք, որ սա այդ դեպքը չէ` հաշվի առնելով փաստը, որ Ուկրաինան տնօրինում է Իտալիա եկող բնական գազի ծորակը»,- գրում է թերթի հոդվածագիր Ռոբերտո Ֆաբրին:
«Եվ այսպես, երեքշաբթի Ֆրոզինոնեում «Ինտերպոլը» կալանավորել է 48-ամյա Արսեն Ավակովին` Խարկովի մարզի նախկին նահանգապետին, բայց ամենակարևորն այն է, որ նա «Բատկիվշչինա» կուսակցության ղեկավարներից է, որը գլխավորում է երկրի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն, որը ներկայում ազատազրկման մեջ է` որպես քաղաքական-իրավաբանական բարդ գործի գլխավոր դեմք»,- շարունակում է հոդվածագիրը:
«Ուկրաինական իշխանությունները Ավակովի նկատմամբ հայտարարել են միջազգային հետախուզում` մեղադրելով նրան ծառայողական պարտականությունների չարաշահման մեջ: Նրա նկատմամբ հարուցվել է 2 քրեական գործ` կապված հողատարածքների անօրիանական սեփականաշնորհման հետ: Կալանավորումից անմիջապես հետո Կիևը պահանջել է նրան արտահանձնել։ Միաժամանակ Տիմոշենկոյի կուսակցությունը դիմել է Իտալիայի կառավարությանն ու «Ինտերպոլին»` խնդրելով չհանձնել նրան Ուկրաինայի իշխանություններին, քանի որ այդ պարագայում նա կդառնա երկրի իշխանությունների և նախագահ Վիկտոր Յանուկովիչի հերթական զոհը: Ներկայումս ուկրաինացի քաղաքական գործիչը գտնվում է Ֆրոզինոնեի բանտում։ Այն գտնվում է Հռոմի Վերաքննիչ դատարանի ենթակայության տակ, որը պետք է որոշի նրան արտահանձնելու հարցը»,- նշում է թերթը:











































