Հարավային Կովկասում շարունակական խաղաղության հաստատման կարեւորագույն պայմաններից մեկը ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է, Trend գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քլըջը: Նրա խոսքով, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման` Թուրքիայի քաղաքականությունը հարկավոր է դիտարկել հենց Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղություն եւ կայունություն հաստատելուն միտված քայլերի համատեքստում: «Անկարայում հավատում են, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները դրական կազդեն նաեւ ղարաբաղյան հակամարտության վրա՝ խթան հանդիսանալով տվյալ ուղղությամբ ջանքերի համար: Անհրաժեշտ է Հարավային Կովկասը դուրս բերել ներկայիս հակամարտության վիճակից՝ կայունության եւ համագործակցության հասնելու համար»,- ասել է Քլըջը: Ըստ դեսպանի՝ Թուրքիայի դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ չի փոխվել. «Մենք աջակցում ենք Ադրբեջանի դիրքորոշմանը»,- նշել է նա: