Այսօր Ֆրանսիայի իշխանությունները հայտարարել են, որ արգելում են 4 մուսուլման քարոզիչների մուտք գործել երկիր, որոնք պետք է մասնակցեին 2012թ. ապրիլին կայանալիք իսլամական կոնֆերանսին: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեն և ներքին գործերի նախարար Կլոդ Գեանը արգելքը բացատրել են այն հանգամանքով, որ «քարոզիչների բռնության և ատելության կոչերը խախտում են հանրապետության սկզբունքները և ներկա պայմաններում լուրջ վտանգ են ներկայացնում հասարակական կարգի համար»:
Մուտքի թույլտվություն ստանալու իրավունք չունեցողների թվում է եղել Յուսուֆ Ալ- Կարադաուին, որը մուսուլման սուննիների շրջանում ամենամեծ հարգանք վայելող քարոզիչներից է: 2008թ. պաղեստինցի մահապարտ ահաբեկիչների հասցեին աջակցության խոսքեր հնչեցնելուց հետո արգելվեց նրա մուտքը Մեծ Բրիտանիա: Այս անգամ նա ինքն է հրաժարվել մասնակցել կոնֆերանսին:
Բացի այդ, Ֆրանսիան չէր ցանկանա իր տարածքում տեսնել հայտնի շվեյցարացի մուսուլման աստվածաբան Տարիկ Ռամադանին, քանի որ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի կարծիքով՝ «նրա հայտարարություններն ուղղված են հանրապետության ոգու դեմ»: Սակայն Ռամադանին հնարավոր չէ արգելել մուտք գործել Ֆրանսիա, քանի որ Շվեյցարիան և Ֆրանսիան գտնվում են ոչ այցագրային շենգենյան գոտում:
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին նախօրոք զգուշացրել էր իսլամական արմատական քարոզիչներին, որ նրանց մուտքը երկիր կարգելվի:











































