Հունգարիայի նախագահ Պալ Շմիտտի վրայից հանվել են գրագողության մեղադրանքները: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը:
Ավելի վաղ հունգարական HGV ամսագիրը, վերլուծության ենթարկելով Շմիտտի դոկտորական ատենախոսությունը, եզրակացրել էր, որ այն պարունակում է բուլղարացի գիտնական Նիկոլայ Գեորգիևի աշխատանքից որոշ փոփոխված հատվածներ:
Խոսքը «Ժամանակակից Օլիմպիական խաղերի ծրագրերի վերլուծություն» ատենախոսության մասին է, որը 1992թ. Շմիտտը պաշտպանել է Հունգարիայի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում:
Զեմելվայսի անվան համալսարանի հանձնաժողովը նրա վրայից հանել է գրագողության մեղադրանքը` ընդունելով, սակայն, որ ատենախոսության մեջ օգտագործվել է մեկ այլ հեղինակի աշխատանքից հատված, ինչպես նաև նկատել է ատենախոսության կազմման մի շարք սխալներ:
Շմիտտի ատենախոսության վերաբերյալ հանձնաժողովն իր եզրակացությունը հրապարակել է մարտի 27-ին: Հանձնաժողովը նշել է, որ ատենախոսությունը ընդհանուր առմամբ համապատասխանել է 1992թ. պահանջներին:
Շմիտտն անմիջական մասնակցություն ունի սպորտին: Նա 1965-1977թթ. եղել է Հունգարիայի սուսերամարտի հավաքականի անդամ, իսկ 1968 և 1972թթ. եղել է Օլիմպիական խաղերի չեմպիոն:











































