Դանիայի հյուսիսում ընդհատվել է երկաթուղային
հաղորդակցությունը, երբ անցած գիշեր ֆիննական բեռնափոխադրող նավը հարվածել է երկաթուղային կամրջին: Այս մասին այսօր տեղեկացրել է տեղի ոստիկանությունը:
Դանիայի երկաթուղու ինժեներները պնդում են, որ նորոգման աշխատանքները կտևեն ոչ պակաս, քան կես տարի և այս ամբողջ ընթացքում ուղևորները ստիպված կլինեն օգտվել ավտոբուսներից: Ուղեկամուրջը երկրի հյուսիսը մնացած մասերի հետ կապող միակ հիմնական տրանսպորտային մայրուղին էր:
Վերջին պահին նավապետը նկատել է, որ կամրջի կենտրոնական մասը չի բարձրացել, որպեսզի նավը կարողանա անցնել, ու թեպետ նավապետը հետընթացի հրահանգ է տվել, սակայն արդեն ուշ է եղել: Ըստ ոստիկանության՝ նավապետը եղել է սթափ վիճակում: Ենթադրվում է, որ դժբախտ պատահարը տեղի է ունեցել կապի խափանման հետևանքով:
Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը, 75 մետր երկարությամբ «Ռոմանա» նավը չի վնասվել, սակայն խարսխել է Օլբորգի նավահանգստում սկսված հետաքննության պատճառով, որը պետք է պարզի վթարի պատճառները:











































