Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, այսօր առավոտյան երկրի նախկին ղեկավար Սադամ Հուսեյնի ծննդավայր Տիկրիտ քաղաքում տեղի է ունեցել պայթյուն, որը, այս պահի տվյալներով, խլել է 42 մարդու կյանք, ավելի քան 100 մարդ վիրավորվել է:
Սալահադդին նահանգի ղեկավարի տեղակալ Ահմեդ Ադբ Ալ Ջաբերի խոսքերով, պայթյունը տեղի է ունեցել ոստիկանության շենքի մոտ, որտեղ հերթ կանգնած մարդիկ փորձում էին աշխատանք գտնել այդ գերատեսչությունում: Նա չի կասկածում, որ պայթյունը «Ալ Քաիդա»-ի ձեռքի գործն է:
Տեղի ոստիկանությունից էլ հայտնել են, որ այստեղ պայթյունի պահին կանգնած է եղել մոտ 300 մարդ, որոնք հույս ունեին մոտ 500 դոլար աշխատավարձով ներգրավվել այս ոլորտում: Ոստիկանությունից նաև հայտնել են, որ զոհերի թիվն անհամեմատ ավելի մեծ կլինի, քանի որ ողջ տարածքը լցված է եղել դիակներով և ծանր վիրավորներով: