2011 թվականին բնական և տեխնածին աղետների կողմից համաշխարհային տնտեսությանը հասցված ընդհանուր վնասը կազմել է 370 միլիարդ դոլար: Lenta.ru-ն գրում է, որ այս մասին հաղորդվում է ապահովագրական շուկայում խոշորագույն ընկերություններից մեկի` շվեյցարական Swiss Re-ի մամլո հաղորդագրության մեջ։
Անցած տարվա դեկտեմբերին Swiss Re-ն աղետների պատճառով համաշխարհային տնտեսության կորուստները գնահատել է 350 միլիարդ դոլար: Այդ ժամանակ ընկերությունում նշել էին, որ այս ցուցանիշն ապահովագրության ողջ պատմության մեջ ռեկորդային է: Համեմատության համար նշենք, որ 2010 թվականին աղետների ընդհանուր վնասը, Swiss Re-ի գնահատմամբ, կազմել է 226 միլիարդ դոլար:
Ապահովագրված կորուստի ծավալն, անցած տարվա տվյալներով, կազմել է 116 միլիարդ դոլար: Դեկտեմբերին շվեյցարական ապահովագրողն այդ ցուցանիշը գնահատել է 108 միլիարդ: 2010 թվականին ապահոգրության վճարումները տարերային աղետներից տուժածներին մոտ երկուսուկես անգամ քիչ են եղել`48 միլիարդ դոլար:
Համաշխարհային տնտեսությանը հիմնական վնասը (կորուստի ընդհանուր գումարից 57 տոկոս) հասցրել են 2011 թ. Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժն ու ցունամին:
2011 թ. երկրորդ կեսին Թայլանդի ջրհեղեղն ապահովագրության պատմության ողջ ընթացքում հանգեցրել է խոշորագույն կորուստների` 12 միլիարդ դոլար:
Մարտի 28-ին բրիտանական Lloyd’s of London ապահովագրական ընկերությունը հայտարարել է ընկերության գոյության ողջ ընթացքում խոշորագույն կորուստների մասին, որոնք կազմել են 516 միլիոն ֆունտ ստեռլինգ (619 միլիոն եվրո): Համեմատության համար նշենք, որ 2010 թ. ընկերությունը 2.2 միլիարդ ֆունտ եկամուտ է ստացել: Lloyd’s of London-ում նշել են, որ անցած տարին ռեկորդային էր աղետների և ապահովագրության ոլորտում կրած կորուստներով: