«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հայոց արծիվներ» ՀԿ նախագահ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը:
– Պարոն Ասրյան, ՀՀԿ 253 հոգանոց համամասնական ցուցակի 85-րդ տեղում եք: Գո՞հ եք այդ հորիզոնականից, վիրավորվա՞ծ չեք, որ հայտնվել եք ՀՀԿ-ի ոչ այնքան անցողիկ հորիզոնականում:
– Ձեզ անկեղծ ասեմ, որ ինքս երբևիցե չեմ մտահոգվել ու որևէ քայլ չեմ արել` հայտնվելու Հանրապետականի ցուցակի որևէ հորիզոնականում: Իմ ակտիվ գործունեությունն ինչպես հասարակական, կուսակցական, այնպես էլ պետական դաշտում` որպես փոխնախարար, երբեք ակնկալիքներով չի եղել: Եթե նույնիսկ ցուցակում չհայտնվեի, իմ ակտիվ գործունեությունն ինչպես իրականացրել եմ, այնպես էլ շարունակելու եմ:
– Բայց այդքան եռանդով աշխատեցիք, ինչո՞ւ կուսակցությունը ավելի առաջնային հորիզոնականում չներառեց:
– Ինձ համար կապ չունի՝ 17-րդ, 85-րդ, թե 200-րդ տեղում գտնվելը: Չեմ կարծում, որ Հանրապետական կուսակցությունն իմ ակտիվ աշխատանքի գնահատականը տվել է հենց 85-րդ տեղում իմ անուն ազգանունը գրելով` 85-րդ տեղում գտնվելն այդքան էլ հեռու չէ անցողիկ տեղերից: Հանրապետական կուսակցությունը բավականին լուրջ աշխատանք իրականացնելուց հետո այնքան ձայն կհավաքի, որ ոչ միայն 85, այլ 105-րդ տեղը միանգամից կանցնի Ազգային ժողով:
– Դուք այդքան մեծ տեղ եք տալիս նժդեհականության գաղափարների տարածմանը, եթե ցուցակում չլինեք, ո՞վ պետք է տարածի Հանրապետականի նժդեհական գաղափարները խորհրդարանում:
– Մինչև 85-րդ տեղը զբաղեցնող Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում կան մարդիկ, ովքեր ի վիճակի են Նժդեհի գաղափարաբանությունը տարածել նաև Ազգային ժողովում:
– Ձեզ վերջերս սկսեցին համեմատել Հիտլերի հետ: Գուցե ՀՀԿ-ականները ձեզ իրենց ցուցակում 85-րդ տեղում ներառեցին, որ ԱԺ-ում «հիտլերներ» չլինե՞ն:
– Ցավով եմ նշում, որ մեր հասարակության մեջ գուցե մի փոքրիկ հատված կա, ովքեր մութ «պադվալներում»` վախվորած, գուցե ներմուծված ուժերի կողմից աջակցություններ ստանալով, փորձում են հայոց արծիվների հայրենասիրական մեծածավալ գործունեության վրա ցեխ շպրտել, բայց դա ոչ մեկին չի հաջողվել և չի հաջողվի, մնացածը թողնում եմ հայ ժողովրդի գնահատականին: Այդ հորինված մարդկանց հորինված արտահայտություններին` ինչ-որ «հիտլերներ», Հիտլերին նմանեցում, շատ նողկալի է, այսինքն ես ամեն անգամ նման արտահայտություն լսելով՝ նողկանք և զզվանք եմ զգում այդ մարդկանց հանդեպ: Կարծում եմ ու վստահ եմ, որ ո’չ արտաքինով, ո’չ իմ հայրենանվեր գործունեությամբ ես 30-ականների Հիտլերի հետ ընդհանրապես կապ չունեմ: Այդ չարականներին միայն արհամարհանքով և ցավով եմ վերաբերում:
– Ձեր վերաբերմունքը Սերժ Սարգսյանին քծնանքի չի՞ նմանվում:
– Իմ մեծ վերաբերմունքը հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին` ոչ թե որպես փոխնախարար Խաչիկ Ասրյան է կամ ձևավորվել է վերջին երկու-երեք տարում, այլ սկսված է արցախյան հայ ազգային-ազատագրական պայքարից, արցախյան փառավոր հերոսամարտից, այսինքն սա պարզ հասկացություն է, նվիրվածություն անհատի, առաջնորդապաշտի հանդեպ: Նրանք, ովքեր այդպես են կարծում, ընդհանրապես հայրենասիրությունից, առաջնորդապաշտությունից գաղափար չունեն: Սա որևէ քծնանքի հետ կապ չունեցող գործընթաց կամ ուղղություն է:
– Դուք ձեզ հարգված համարու՞մ եք հանրապետականների շրջանում:
– Ես վստահ եմ, որ և՛ հայոց նախագահի, և՛ Հանրապետական կուսակցության, և՛ Գործադիր մարմնի, և՛ խորհրդի անդամների, և՛ շարքային անդամների կողմից իմ հանդեպ մեծ հարգանք կա` հաշվի առնելով իմ 20 տարուց ավելի հայրենասիրական գործունեությունը Հայաստանում:
– Ի՞նչ պաշտոն եք ակնկալում ունենալ ընտրություններից հետո:
– Ոչ մի պաշտոն, ուզում եմ ևս մեկ անգամ փակել այն չարախոսների բերանները, որ Խաչիկ Ասրյանի ակտիվությունը ինչ-որ ակնկալիք է` ինչ-որ պաշտոնների համար: Ամենայն անկեղծությամբ նշում եմ, որ եթե մարդիկ մի փոքր ուղեղներին զոռ տան և հետ դառնան 90-ականներ, կգիտակցեն, որ Խաչիկ Ասրյանի ակտիվությունը վերջին 3-4 տարիներին գործունեություն ծավալելով չէ:
– Սյունիքի մարզի թիվ 37 ընտրատարածքում առաջադրվել են մի շարք թեկնածուներ: Դուք մարզպետի և ՀՀԿ-ի կողմից առաջադրված երիտասարդ Հայկ Գրիգորյանի՞ն եք սատարելու:
– Ոչ, միայն ես, այլև «Հայոց արծիվներ» կազմակերպությունը` 25 հազարից ավելի անդամներով, միանշանակ մեծամասնական և համամասնական ընտրակարգով Հանրապետական կուսակցության թեկնածուներին ենք պաշտպանելու: Բայց իմ ելույթներում բազմիցս նշել եմ, որ «Հայոց արծիվները» ապաքաղաքական շարժում է` անկախ գործունեությունից, դիրքից:
– Ինչպե՞ս է ապաքաղաքական, եթե բարձրաձայն հայտարարում եք, որ ՀՀԿ-ին եք սատարելու, ձայն տալու…
– Ես այսպես կպատասխանեմ` «Հայոց արծիվներն», այո, ապաքաղաքական շարժում է, բայց ինքը լինելով հայ հասարակության մեջ որպես ակտիվ գործունեություն իրականացնող հայրենասիրական շարժում, ուղղակի չի կարող անմասն մնալ մեր պետության, ժողովրդի ապագա 5 տարիների գործընթացներից: Ընդունելով այս տրամաբանությունը` «Հայոց արծիվներն» այս համապետական ընտրություններում իր համար որոշիչ խոսքը պետք է ասի` ի պաշտպանություն Հանրապետական կուսակցության:
– Հենց վերջերս տեղեկատվություն տարածվեց, որ Սյունիքում մարզպետ Սուրիկ Խաչատրյանը և Մաքսիմ Հակոբյանը ինչ-որ գաղտնի խորհրդակցություններ են հրավիրում ու մարզի գյուղապետերին կոչ անում, որ Հայկ Գրիգորյանի համար ձայներ ապահովեն:
– Ինձ համար ընտրակեղծիքը թիվ 1 թշնամին է: Վստահ եղեք, որ ԱԺ առաջիկա ընտրությունները բավականին բարձր մակարդակով են անցկացվելու և անց են կացվելու առանց ընտրակեղծիքների: Ուղղակի պետք չէընտրակեղծիք բառը դարձնել բերանի խոսք և անընդհատ տարածել: Վստահ եմ, որ նաև հաջորդող նախագահական ընտրությունները տեղի են ունենալու առանց ընտրակեղծիքների: Եթե Սյունիքի մարզպետին անձնապես ճանաչեք, վստահ եմ, որ իրականում կհամաձայնեք ու կհամոզվեք, որ նա ավելի շատ Սյունիքի պատմությունից, նժդեհականությունից տեղեկացված է, քան շատ մարդիկ:
– Իսկ Սյունիքի մարզպետի` կնոջ վրա ձեռք բարձրացնելու մասին ի՞նչ կասեք:
– Այդ հարցին իրավական դաշտում տրվել է պատասխան:
– Պարոն Ասրյան, եթե այլ կուսակցություններ ցանկություն հայտնեն Ձեզ իրենց շարքերն անդամագրել, կհամաձայնե՞ք:
– Երևի հումորով այդ հարցը տվեցիք, որովհետև Հայաստանի Հանրապետությունում` հատկապես քաղաքական և հասարակական դաշտում շատ լավ ճանաչելով Խաչիկ Ասրյան նվիրյալ, անդավաճան տեսակը, չեմ կարծում որևէ մեկի «դուխը» հերիքի, որ ինձ նման առաջարկ անի, շատ կոպիտ կպատասխանեմ նրանց առաջարկներին:
– Իսկ չե՞ք կարծում, որ այդ կուսակցությունների անդամներն էլ Ձեզ առանձնապես լուրջ չեն վերաբերվում:
– Բացառում եմ, որ որևէ մեկի մտքով նման առաջարկ անելու միտք առաջանա:










































