Վրացական «Կվելա սիահլե» (Բոլոր նորություններ) թերթին տված հարցազրույցի ժամանակ Հանրապետական կուսակցության առաջնորդներից Լևան Բերձենիշվիլին այսօր հայտարարել է, որ ԱՄՆ-ի իշխանությունները ստուգում են, թե Վրաստանում ինչպես են ծախսվել ժողովրդավարական ինստիտուտների զարգացման համար տրված գումարները.
«Ամերիկացիները ճիշտ չեն ծախսել իրենց փողերը Վրաստանում: Այս ողջ տարիներին փաստացի հատկացված գումարները հայտնվել են նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ձեռքում: Վերջինս դրանց հետ վարվել է այնպես, ինչպես ինքն է ցանկացել: Այժմ ամերիկացիները որոշել են հաշվարկ անել: ԱՄՆ-ը չափազանց անհանգստացած է Վրաստանում առկա իրավիճակից: ԱՄՆ-ը մտադիր է լուրջ մոնիթորինգ անցկացնել Վրաստանին հատկացված գումարների նպատակային ծախսման ուղղությամբ»:
Նշվում է, որ օրեր առաջ Սենատում տեղի ունեցած լսումների ժամանակ Վրաստանում ԱՄՆ ապագա դեսպան Ռիչարդ Նորլանդը հայտարարել է, որ անհրաժեշտ է խստորեն վերահսկել ժողովրդավարացման զարգացման նպատակով Վրաստանին հատկացվող գումարները:










































