«Վրաստանի արմատական ընդդիմությունը մտադիր չէ սպասել 2012-ին իշխանափոխություն իրականացնելու և նախագահ Սաակաշվիլիին պաշտոնանկ անելու համար»,- Ասավալ-Դասավալի պարբերականին տված հարցազրույցում ասել է Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն, ում խոսքերը մեջբերում է Грузия Online լրատվականը: Իշխանափոխություն իրականացնելու համար անցած տարվա վերջում Ազգային ժողով է հրավիրվել, որտեղ որոշում է ընդունվել քաղաքացիական անհնազանդության կոմիտեներ ստեղծելու մասին: Այդ կոմիտեների ձևավորումը հիմնականում ավարտվելու է հունվարի 20-ին և ներկայացվելու է Թբիլիսիում: Բուրջանաձեի խոսքով, հենց այդ կոմիտեները պետք է զբաղվեն Սաակաշվիլիի ռեժիմին դիմադրություն ցույց տալու գործողություններով: Նախկին խոսնակը հայտարարել է, որ ներկայիս իշխանությունների առկայությունը վիրավորանք է վրաց ժողովրդի համար, և ինչքան շատ մարդ հանդես գա իր պատվի պաշտպանությամբ, այդքան շուտ կհեռանան իշխանությունները։