Քաթարի Al Jazeera եռուստաալիքը Փարիզի դատախազությանն է փոխանցելու իր մոտ գտնվող սպանությունների տեսագրությունը, որն իրականացվել է «թուլուզյան ահաբեկիչ» Մուհամմեդ Մերայի կողմից: Համապատասխան համաձայնությունը կայացվել է հեռուստաալիքի ֆրանսիական բաժնի և յոթ զոհերի ընտանիքների ու իրավապահների միջև:
«Հենց որ մենք ստացանք անանուն ծանրոցն՝ այս տեսանյութով, անմիջապես փոխանցեցինք ոստիկանությանը»,- հայտնել է Al Jazeera–ի փաստաբան Անտուան Կոմպտը:
Al Jazeera–ի ֆրանսիական բյուրոյի ղեկավար Զաիդ Տարրուշն իր հերթին նշել է, որ արվել է միայն մեկ կրկնօրինակ, որը ուղարկվել է հեռուստաալիքի Քաթարի գրասենյակ: Հենց Քաթարի ղեկավարությունն է որոշել չցուցադրել այդ ֆիլմը:
«Ես չէի ցանկանա, որ ահավոր փաստերին ավելանար նաև հեռուստաթատրոնը»,- ասել է Կոմպտը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Տարրուշը` տեսանյութում կարելի է տեսնել բոլոր սպանությունները՝ ըստ հերթականության: Նա նշել է նաև, որ տեսանյութը մոնտաժի է ենթարկվել` այնտեղ կան կրոնական երգեր և Ղուրանից արտասանվող հատվածներ, լսվում են նաև զոհերի ու մարդասպանի ձայները:
Բոլոր ֆրանսիական առաջատար հեռուստաալիքները միմյանց հետ պայմանավորվել են չհեռարձակել այդ տեսանյութը:
«Նման կադրեր եթերից ցույց տալը կնշանակի դառնալ ահաբեկիչների աջակից»,- հայտարարել են նրանք:
Այդ ծանրոցը Al Jazeera–ի գրասենյակ է ուղարկվել մարտի 21-ին: Քանի որ այդ ժամանակ արդեն ոստիկանությունը դարանակալել էր Մերայի բնակարանի մոտ, քննիչները կասկածում են, որ այն փոստի բաժանմունք է տարվել ահաբեկչի համախոհի կողմից:











































