Ինչպես հաղորդում են եվրոպական լրատվական գործակալությունները` Սկանդինավիայից մինչև Կենտրոնական Եվրոպա սկսվել են ուժեղ ջրհեղեղներ: Պատճառը տաք օդային հոսանքներն են, որոնց պատճառով արագ հալչում է այստեղ տեղացած առատ ձյունը: Նորվեգիայի հարավում ջրի տակ են անցել երկրի տարբեր շրջանները կապող ճանապարհները: Դրանք այս պահին փակ են: Գերմանիայում ջրհեղեղներից տուժել է Վերթհայմ քաղաքը:
Լեհաստանում մտահոգված են երկրի ամենամեծ գետերից մեկի՝ Վիսլայի ներկայիս մակարդակով: Բոլորը սպասում են, որ մոտ ժամանակներս այն դուրս կգա ափերից: Երկրի արևմուտքում արդեն հազարավոր հեկտարներ անցել են ջրի տակ, քանդվել են տասնյակ բնակավայրեր: Նույն մտահոգությունն առկա է նաև Չեխիայում, որտեղ որոշ ճանապարհներ վերածվել են գետերի: