«ՀՀԿ-ի համար թափանցիկ ու արդար ընտրությունների անցկացումն առաջնային խնդիր է». այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը:
«Մենք իշխանություն կրող ենք եղել և բոլոր ձեռքբերումներով ու թերացումներով հանդերձ` գնում ենք ընտրությունների` ակնկալելով արժանի քվեներ: Համոզված եմ, որ ՀՀԿ-ն Ազգային ժողովում իր թվաքանակով առաջինն է լինելու: ՀՀԿ-ն հայտարարում է, որ պայքարում է ինքն իր համար, մինչդեռ մնացածները` մեր դեմ»,- ասաց նա:
Այվազյանի խոսքով՝ ՀՀԿ ցուցակը բավական դինամիկ ու հետաքրքիր է: «Որևէ մեկը կասկածո՞ւմ է մեր թեկնածուների հնարավորությունների վրա»,- հարց հնչեցրեց պատգամավորը:
Վարդան Այվազյանը նկատեց նաև, որ երկրում խնդիրներ կան: «Օրինակ՝ թերություններ են առկա մենաշնորհների, փաստաթղթաշրջանառության ոլորտներում: Շատ հաճելի է, որ մեկը գա ու ասի` աշխատավարձերն ու նպաստները կավելանան, բայց ամեն ինչ աստիճանաբար է լինում: Մեկը կարող է գալ ու ասել` ինձ ձայն տվեք, «սև իկրա» կուտեք, բայց կարող է գալ մեկը, ով հավասարաչափ զարգացում կապահովի»,- օրինակ բերեց նա:











































