«Եթե չընտրես, տանուլ կտաս». այսօր լրագրողների հետ հանդիպմանը Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը ներկայացրեց իր նախընտրական կարգախոսը: Նա մեկ անգամ ևս տեղեկացրեց, որ որպես պատգամավորության թեկնածու՝ առաջադրվելու է Արտաշատի 17-րդ ընտրատարածքում, որտեղ այսօր առավոտյան ինքնաբացարկ էր հայտարարել Հովիկ Աբրահամյանի եղբայրը:
Տ. Կարապետյանը տեղեկացրեց, որ իր ղեկավարած կուսակցությունը ընտրություններին չի մասնակցելու։ Ըստ նրա՝ ընտրություններում, ինչպես միշտ, կլինեն ընտրախախտումներ, փոխվել են միայն դրանց տեխնոլոգիաները. այսօրվա արտագաղթի պայմաններում զարմանալիորեն արձանագրվում է ընտրողների աճ։
Բանախոսի կարծիքով՝ համամասնական ընտրակարգով ընտրությունը մենաշնորհել են. ում ուզում՝ ընդգրկում են իրենց ցուցակներ։ Տ. Կարապետյանը հուսով է, որ առաջադրվելով մեծամասնական ընտրակարգով՝ կհաղթի։
Տեղեկանալով Հովիկ Աբրահամյանի եղբոր ինքնաբացարկի մասին՝ նա ասաց. «Կեցցե մայիսի մեկը: Ես կցանկանայի, որ նա լիներ, որովհետև դա կլիներ իսկապես պայքար: Արտաշատի դպրոցի տնօրեն Կարինե Պողոսյանն է նույն ընտրատարածքում պայքարելու, բայց նրան ճանաչում են միայն իր ղեկավարած դպրոցում: Ես չգիտեմ՝ ինչու են դնում-հանում, հուսանք, որ դրանք կոալիցիոն խնդիրներ են և ինձ հետ կապված չեն: Այդ տեղը կարծես Հովիկ Աբրահամյանի մենաշնորհն էր, ի վերջո՝ դա պետք է մեկ օր ավարտվեր»:
Անդրադառնալով իր նախընտրական քարոզարշավին՝ ԺԿ նախագահն ասաց, որ հանդիպումներ է ունենալու Արտաշատի գյուղերում: Նրա խոսքով՝ ինքն այդ տարածքի համար իսկապես լավ պատգամավոր կլինի, իրեն կդիմեն տարբեր հարցերով, և ինքը կօգնի նրանց:
Անդրադառնալով ՀՀԿ ցուցակին՝ Տ, Կարապետյանն ասաց, թե ՀՀԿ ցուցակում ով ասես՝ կա. «Արտաշես Գեղամյանը Հանրապետականի գաղափար ունի՞, նժդեհակա՞ն է դարձել: Տեսեք՝ ովքեր են ցուցակում՝ մարդիկ, ովքեր ցանկանում են լինել իշխանության կողքին։ Մենք այդ մոլուցքով չենք տառապում»:
Իսկ Հայ ազգային կոնգրեսի ցուցակի մասին ասաց. «ՀԱԿ-ը կուսակցությո՞ւն է, թե՞ բանակ և ջոկատ: Այնպիսի մարդիկ պետք է լինեին ցուցակում, ովքեր գաղափարներ էին կրում: Ո՞ւր է ՀԱԿ-ում մտավորական թևը»:











































