Ինչպես արդեն տեղեկացրել էր «Առաջին լրատվականը», բրիտանական The Daily Telegraph օրաթերթը հունվարի 16-ի համարում, վկայակոչելով ռուս միջուկային մասնագետների հայտարարությունը, գրել էր, թե համակարգչային Stuxnet վիրուսը, որը թափանցել էր Իրանի ատոմակայաններ, լուրջ վնասներ է պատճառել, և արդյունքում հնարավոր է՝ Չեռնոբիլի իրանական տարբերակի ականատեսը լինենք:
Իրանի միջուկային կազմակերպության խոսնակ և հանրային կապերի բաժնի ղեկավար Համիդ Խադեմ Ղաեմին, իրանական ISNA գործակալության հետ զրույցում The Daily Telegraph-ի հրապարակած տեղեկությունը հերքելով, հայտարարել է. «Stuxnet համակարգչային վիրուսը ոչ մի բացասական ազդեցություն չի ունեցել Բուշեհրի ատոմակայանի վրա, և, ինչպես հայտարարել էր միջուկային կազմակերպության նախագահը, մեկ ու կես տարի առաջ իրանցի անվտանգության մասնագետները գտել ու ոչնչացրել են այդ վիրուսը: Ենթադրվում է, որ նմանօրինակ հայտարարությունները նպատակ ունեն Իրանի և «վեցյակի» բանակցությունների նախօրեին հոգեբանական ճնղում գործադրել կողմերի վրա»։
Այդ առնչությամբ չինական «China» լրատվամիջոցն էլ հայտարարել է, որ նաև «ՌուսԱտոմ» ընկերության խոսնակ Սերգեյ Նովիկովն է հերքել Իրանի Բուշեհր ատոմակայանում Stuxnet-ի առաջացրած հավանական վնասների մասին շրջանառվող լուրերը: Նովիկովը հայտարարել է. «Ոչ մի վիրուս էլ Իրանի ատոմակայանների համակարգիչների ցանցում գոյություն չունի, հատկապես՝ անվտանգության բաժնում, որի ղեկավարման համակարգը լիովին անջատված է ատոմակայանի համակարգիչների ցանցից»։