Business-Грузия-ի փոխանցմամբ՝ մարտի 27-28-ը Թբիլիսիում տեղի է ունենալու Վրաստանի ու ԵՄ-ի միջև համապարփակ ազատ առևտրային գոտի ձևավորելու վերաբերյալ պաշտոնական բանակցությունների առաջին փուլը:
Այս բանակցություններից առաջ վրացական պատվիրակության ղեկավար, փոխարտգործնախարար Թոռնիկե Գորդաձեն հայտարարել է, որ Վրաստանից կպահանջվի 1.5-2 տարի ժամանակ՝ ամբողջությամբ գործարկելու ԵՄ-ի հետ ազատ առևտրի ռեժիմը.
«Մենք ԵՄ-ի հետ բանակցել ենք 2.5 տարի, որպեսզի մեկնարկեն այդ բանակցությունները: Այժմ մենք կարող են վստահորեն ասել, որ այդ ընթացքում վրացական կողմը շատ բաներ է արել՝ առաջիկա տարիներին այդ համաձայնագրի կնքմանը հասնելու համար: Ես վստահ եմ, որ Վրաստանն անպայմանորեն ստանալու է ԵՄ-ի հետ ազատ առևտրի ռեժիմ, ինչը խթան կհանդիսանա նրա տնտեսության զարգացման համար»:
Հիշեցնենք, որ մոտ մեկ շաբաթ առաջ Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին կանխատեսել էր, որ ԵՄ-ի հետ ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագիրը ստորագրվելու է 1.5 տարվա ընթացքում՝ մինչև 2013 թվականի ավարտը:











































