Եգիպտոսի արդարադատության նախարարության հատուկ հանձնաժողովը, որը ստեղծվել էր նախագահական պալատների և նստավայրերի գույքագրման համար, իր աշխատանքի ընթացքում ոչ մի գաղտնարան կամ պահոց չի հայտնաբերել: Այս մասին հայտարարել է հանձնաժողովի նախագահ Իհմեդ Իդրիսը Կահիրեում տեղի ունեցած մամուլի ասուլիսում:
Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, նրա խոսքերով՝ Մուբարաքի բոլոր պալատները և նստավայրերը միանգամայն լավ վիճակում են գտնվում, դրանք պահվել և պահվում են պատշաճ կերպով: Ոչ մի օբյեկտ չի թալանվել կամ վնասվել անցյալ տարվա հունվարի 25-ին սկսված ապստամբության ընթացքում, նախկին նախագահի գույքը չի յուրացվել: Նորմալ վիճակում են գտնվում նաև այդ դղյակների և նստավայրերի պահման ֆինանսական փաստաթղթերը:
Եգիպտոսի արդարադատության նախարարության քննիչներն արդեն ավելի քան մեկ տարի է՝ փորձում են հայտնաբերել երկրի ներսում կամ երկրից դուրս գտնվող՝ նախկին նախագահին, նրա կնոջը կամ ընտանիքի անդամներին պատկանող գաղտնի անօրինական հաշիվները, անշարժ գույքը և այլ տիպի հարստություններ:
Մուբարաքը հրաժարական տվեց 2011 թ. փետրվարի 11-ին՝ դրան նախորդած ժողովրդական ապստամբության արդյունքում: Նա և իր երկու որդիները՝ Ալան և Գամալը, մեղադրվում են կոռուպցիայի և անօրինական կերպով հարստանալու մեջ: Այնուամենայնիվ, այդ հարցով մինչ այժմ ոչ մի իրեղեն ապացույց չի հայտնաբերվել: Նախկին նախագահի դատավճիռը կկայացվի ընթացիկ տարվա հունիսի 2-ին։










































