Երկրին մոտ հեռավորությամբ այսօր միաժամանակ երկու աստերոիդ է անցել` չստեղծելով նրա հետ բախման վտանգ: Այս մասին պաշտոնապես հայտնել են ամերիկյան տիեզերական գերատեսչության` ՆԱՍԱ–ի ներկայացուցիչները:
Նրանց խոսքերով՝ երկու մարմիններն էլ անցել են մեր մոլորակի և Լուսնի միջև ընկած տարածքով: Առաջին աստերոիդը, որն ավտոբուսի մեծություն է ունեցել, Երկրին մոտեցել է 154 հզ կմ-ով, իսկ ավտոմեքենայի մեծություն ունեցողն անցել է 58 հզ կմ հեռավորության վրա:
Ինչպես նշում են մասնագետները, նման երկու մարմինների միաժամանակ հայտնվելը Երկրի և Լուսնի միջև բավականին հազվադեպ երևույթ է:
Ներկա դրությամբ ՆԱՍԱ-ն կարողացել է հայտնաբերել խոշոր աստերոիդներ, որոնք մեծ վտանգ են ներկայացնում Երկրի համար: Գրեթե նմանատիպ հազար օբյեկտներ պտտվում են Արևից 195 մլն կմ հեռավորության վրա: Գիտնականները կարողացել են հաշվել նաև Երկրից միջին հեռավորության վրա գտնվող աստերոիդների քանակը` 19,5 հազար, թեև ավելի վաղ համարվում էր, որ դրանք 35 հազարն են:











































