Ավստրիացի պատմաբան և լրագրող Բուրքհարտ Լիստը հայտարարել է արվեստի գործերի որոնման սկզբի մասին։ Դրանք թաքցված են եղել նացիստների կողմից՝ Գերմանիայի արևելքում գտնվող հանքերից մեկում: Այս մասին գրում է Bild-ը:
Վերմախտի արխիվում պահվող փաստաթղթերից նա պարզել է, որ պատերազմի վերջում նացիստները դուրս են բերել Բուդապեշտից համաշխարհային արժեք ունեցող արվեստի գործեր և դրանք պահել են Գերմանիայի և Չեխիայի սահմանին գտնվող Դոյչնոյդորֆ տարածքում, որը Դրեզդենից 1,5 ժամվա ճանապարհի վրա է:
Խոսքը հրեա մեծահարուստ Ֆերենց Հատվանիի հավաքածուի մասին է: Պատմաբանները հույս ունեն հանքերում գտնել Պաբլո Պիկասոյի, Քլոդ Մոնեի, Էդուարդ Մանեի և Փոլ Սեզանի նկարները:
Ստանալով տեղի իշխանությունների թույլտվությունը` Լիստի թիմը սկսել է նախապատրաստական աշխատանքները, որոնց ընթացքում նրանք հայտնաբերել են հանքերի նոր տարածքներ, որոնք ոչ մի քարտեզի վրա պատկերված չեն: Տեղի իշխանությունների ներկայացուցիչ Հանս-Պետեր Հաուշտայնը ևս չի կասկածում, որ ֆաշիստները թաքցրել են գանձերը հենց այդ շրջանում
Այս տարածքը վաղուց է գրավում Երրորդ ռեյխի գանձերը որոնողներին: Այն հայտնի դարձավ, երբ այնտեղ սկսեցին փնտրել Սաթե սենյակը: Բայց այնտեղ դեռևս հայտնաբերել են միայն 1944 թվականի ավտոմատ, ռազմական հագուստի մնացորդներ: Այս ամենը հայտնաբերվել է 1998-ին: Հետաքրքիրն այն է, որ այս հանքը փակվել է 1882-ին: Բազմաթիվ փաստաթղթերից պարզ է դառնում, որ էսէսցիների ջոկատն իրականում ինչ-որ գաղտնի առաջադրանքով եղել է այս տարածքում:








































