Օրերս Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում վիրավորվել է երկու հայ զինծառայող: ԼՂ ՊԲ լրատվության և քարոզչության բաժնի տարածած հաղորդագրության համաձայն` միայն անցած շաբաթվա ընթացքում ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 550 կրակոց: Հունվարի 14-ին շփման գծի հարավարևելյան (Մարտունու) ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված գնդակից ձախ անրակի շրջանում հրազենային վիրավորում է ստացել շարքային զինծառայող 1992 թ. ծնված Վարդան Հարությունյանը: Մեկ օր անց` հունվարի 15-ին, մեկ այլ միջադեպ է արձանագրվել շփման գծի արևելյան (Ասկերանի) ուղղությամբ: Հրազենային վիրավորում է ստացել ՊԲ շարքային զինծառայող Խաչատուր Ասլանյանը: Նրանց վիճակը գնահատվում է բավարար: ԼՂՀ նախկին արտգործնախարար, այժմ` ԼՂՀ արտաքին քաղաքականության և անվտանգության խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանից «Առաջին լրատվականը» հետաքրքրվեց, թե արձանագրված միջադեպերը չե՞ն վկայում, որ Ադրբեջանը լոկալ պատերազմներով փորձում է ճնշումներ գործադրել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վրա, և արդյոք հրադադարի խախտումներով չի պատրաստվում պատերազմի: Մասիս Մայիլյանը հակառակորդի կողմից հրադադարի խախտման դեպքերը գնահատում է որպես Ադրբեջանի սկսած պատերազմի շարունակություն: Մասիս Մայիլյանն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Ադրբեջանի քաղաքականությունը այս առումով նորություն չէ: «Նա պետբյուջեից բավականին մեծ գումարներ է հատկացնում պաշտպանության ոլորտին: Միայն 2011թ. Ադրբեջանը 3 մլրդ դոլար է նախատեսել ռազմական ծախսերի համար»,- ասաց Մասիս Մայիլյանը: Նա հիշեցրեց, որ Ադրբեջանը պատկառելի միջոցներ է հատկացնում նաև քարոզչությանը:
Լուսանկարը՝ PanArmenianPhoto-ի