«Ես հաստատ համոզված եմ, որ մենք լինելու ենք խորհրդարանում»,- այսօր լրագրողներին վստահեցնում էր «Հայաստանի կոմունիստական կուսակցության» կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը` հայտնելով, որ իրենք ընտրությունների գնում են «Կոմունիստների հաղթանակը ժողովրդի հաղթանակն է» կարգախոսով:
Թե քանի տոկոս են ակնկալում ունենալ առաջիկա խորհրդարանում՝ Ռ. Թովմասյանը դժվարացավ պատասխանել. «Ես Ադիբեկյանը չեմ եւ չեմ կարող միակողմանի ասել»: Նա միայն նշեց, որ ՀԿԿ-ն 45 շրջաններում արդեն ունի իր կառույցները եւ իրենք ակտիվորեն սկսել են աշխատել: Կոմունիստները ոչ մի այլ ուժի հետ բանակցել էլ չեն ցանկանում: «Համակարգը պետք է փոխել»,- ասում է Ռ. Թովմասյանը:
Հարցին՝ ինչո՞ւ են իրենց շարքերում հիմնականում ընդգրկել ավագ սերնդի ներկայացուցիչներին, Ռ. Թովմասյանն այսպես արձագանքեց. «Եթե Վազգեն Սաֆարյանին ավագ սերնդի ներկայացուցիչ եք համարում, դա այլ հարց է: Մարդ կա յոթանասուն տարեկանում էլ է երիտասարդ, մարդ կա` քսանհինգ տարեկանում է ծեր»:
Իսկ թե ինչ կշահի կամ կկորցնի խորհրդարանը կոմունիստների ընտրվելուց կամ չընտրվելուց, Ռ. Թովմասյանը պատասխանեց. «Խորհրդարանը կվերադարձնի ժողովրդի ձայնը, ժողովրդի իշխանությունը վերադարձնելու ձայնը: Ի՞նչ է, ձեզ թվում է` բիզնեսմենները չե՞ն մտնելու խորհրդարան: Կտեսնեք, թե ինչ է տեղի ունենալու 41 մեծամասնականներում` արդեն ֆինանսական հրավառություն է ընկնում»:









































