Այս օրերին Ֆրանսիայի Նիս քաղաք են ժամանում ուժեղագույն գեղասահորդները: Նրանք կմասնակցեն մարտի 26-ին մեկնարկող աշխարհի առաջնությանը:
Ուժեղագույնների պայքարում հանդես կգա նաև Սլավիկ Հայրապետյանը: Մարտի 16-ին լրացավ նրա 16-ամյակը: Երեք օր անց Ռիգայի միջազգային փորձամրցումներում Սլավիկը հաղթեց իր բոլոր մրցակիցներին և գրավեց առաջին տեղը:
Աշխարհի առաջնությունում հանդես գալու իրավունք է նվաճել նաև Սլավիկի ավագ եղբայրը` Սարգիսը, բայց քանի որ Հայաստանը մեկ մարզիկ պետք է ներկայացնի այդ մրցաշարում, ուստի Գեղասահքի հանրապետական ֆեդերացիայի մարզչական խորհուրդը որոշեց Սլավիկին Ֆրանսիայի ստուգատեսին մասնակցելու հնարավորություն տալ: Հավելենք, որ հայ գեղասահորդը ելույթ կունենա բավականին բարդ ծրագրով` Արա Գևորգյանի երաժշտության ուղեկցությամբ: