Մարտի 22-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Շեկերինսկային (Radmila Shekerinska):
ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը ակտիվորեն ներգրավված է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի շրջանակներում իրականացվող համագործակցության ու կառույցի աշխատանքների մեջ և այդ մասին է խոսում այն փաստը, որ Հայաստանի արտգործնախարարը առաջին ԱԳ նախարարն էր, որ դեռևս 2009 թ. այցելել է կազմակերպության՝ Վարշավայում գտնվող կենտրոնակայան:
Նախարար Նալբանդյանը վերահաստատել է առաջիկա ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելու ՀՀ իշխանությունների վճռականությունը՝ ընդգծելով, որ այդ նպատակով միջազգային կառույցների հետ համագործակցաբար ծավալուն բարեփոխումներ են իրականացվել՝ մասնավորապես լրամշակվել է ընտրական օրենսգիրքը, որն արժանացել է Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հավանությանը, մի շարք այլ կարևոր քայլեր են ձեռնարկվել, որոնք դրական գնահատական են ստացել միջազգային հանրության կողմից:
Ռադմիլա Շեկեռինսկան շնորհակալություն հայտնեց դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին հղած հրավերի համար և նշեց, որ իրենց գլխավոր նպատակն է աջակցել ընտրական գործընթացի բարելավմանը և այդ գործում դիտորդները անաչառ են լինելու:
Դիտորդական առաքելության ղեկավարը տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթ Հայաստան կժամանեն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության կազմում ընդգրկված երկարաժամկետ դիտորդները ու դիտորդական առաքելությունը կսկսի աշխատել ամբողջական ծավալով. նախատեսվում է, որ ընտրությունների ընթացքին կհետևեն 24 երկարաժամկետ և 250 կարճաժամկետ դիտորդներ:
Նախարար Նալբանդյանը վերահաստատել է ԱԳՆ պատրաստակամությունը, իր իրավասությունների շրջանակներում, օժանդակելու առաքելության աշխատանքներին:










































