Գվինեա-Բիսաուի ընդդիմությունը պահանջել է չեղյալ հայտարարել նախագահական ընտրությունների արդյունքները: Հինգ թեկնածուների ներկայացուցիչ Աուգուշտու Գոմեշը հայտարարել է, որ ընտրությունների արդյունքները կեղծված են: Նրա տվյալներով` Գվինեա Բիսաուի վարչապետ Կարլշ Գոմեշ Ջունիորն ընտրությունների ժամանակ հավաքել է ձայների 49 %–ը:
«Մենք գտնում ենք, որ ընտրությունները թափանցիկ չեն եղել, անարդար են և վստահության արժանի չեն»,- նշել է Գոմեշը:
Գվինեա- Բիսաուում, որտեղ 1974 թ-ից Աֆրիկայի պետություններից ամենաշատ հեղաշրջումներն են իրականացել, սկսվում է հերթական ճգնաժամը: ՄԱԿ-ն արդեն կոչ է արել երկրի բնակչությանը հանգստություն պահպանել:
Մարտի 18-ին ընտրատարածքների փակվելուց մի քանի ժամ հետո սպանվել է հետախուզության նախկին պետ Սամբա Դիալլոն: Նրան հեռացրել էին պաշտոնից 2010 թ.՝ ներքին զորքերի ներսում եղած հակասությունների պատճառով: Այդ ժամանակ էլ իր պաշտոնից զրկվել էր ԶՈւ շտաբի պետ Ժոզե Սամորա Ինդուտան:
Ընդդիմադիրները մատնանշում են կեղծ ցուցակների օգտագործում, կեղծ ընտրատարածքների բացում, ինչպես նաև բազմակի քվեարկության մի շարք օրինակներ:
«Մենք պահանջում ենք ընտրության արդյունքները չեղյալ հայտարարել՝ օրենքի խախտման համար: Ով էլ որ հրապարակի ընտրության արդյունքները, պատասխանատվություն կկրի երկրում տիրող հետագա իրավիճակի համար»,- հայտարարել է թեկնածուներից Կումբա Յալան:
Արտահերթ ընտրությունները Գվինեա-Բիսաուում կազմակերպվել են այն բանից հետո, երբ նախկին նախագահ Մալամ Բակայ Սանյանը մահացավ 2012 թ.՝ հունվարին տևական հիվանդությունից հետո: 2009 թ. նա 64 տարեկան էր, երբ ընտրվեց նախագահ:
Գվինեա-Բիսաուն մինչև 1974 թ. եղել է պորտուգալական գաղութ: Երկիրը հանդիսանում է խոշոր միջնորդ Հարավային Ամերիկայից Եվրոպա թմրանյութ տեղափոխելու ճանապարհին: Զինվորականները, ովքեր ակտիվորեն միջամտում են քաղաքականությանը, զբաղվում են թմրավաճառությամբ:










































