News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանը երեկ տեղի ունեցած արտահերթ նիստի ժամանակ վստահություն հայտնեց Վրաստանի կառավարության նորացված կազմին: Կողմ է քվեարկել 101, իսկ դեմ՝ 6 պատգամավոր:
Նիստի ժամանակ Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին հայտարարել է, որ մոտ ապագայում Վրաստանի կառավարությունը պլանավորել է իրականացնել մի շարք ծրագրեր գյուղատնտեսական, բնակչության գազաֆիկացման, առողջապահության և կրթական ոլորտներում:
Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ եթե խորհրդարանի կողմից հաստատվելուց հետո նորացվում է կառավարության 1/3-ը, ապա խորհրդարանը վերստին պետք է հաստատի կառավարության նորացված կազմը:
Խորհրդարանի կողմից վստահություն հայտնելու հարցն օրակարգ մտավ Վրաստանի կառավարությունում իրականացված կադրային վերջին փոփոխություններից հետո: 2010 թվականի հուլիսից ի վեր Վրաստանի կառավարությունում իրականացվել է կադրային 7 փոփոխություն:
Վերջին դեպքը գրանցվեց նախորդ հինգշաբթի, երբ Վրաստանի աշխատանքի, առողջապահության ու սոցիալական պաշտպանության նախարարի պաշտոնում Անդրիա Ուրուշաձեին փոխարինեց Շվեյցարիայում Վրաստանի նախկին դեսպան Զուրաբ Չիաբերաշվիլին:









































