Բանակում կատարված հանցագործությունները փաստում են, որ բանակը դարձել է «բարդակ», և 20 տարի շարունակ դա աստիճանաբար ավելի ակնհայտ է դառնում:
Հերթական ողբերգական դեպքը տեղի է ունեցել 2009-ի նոյեմբերի 10-ին` Սիսիանի զորամասերից մեկում. ժամկետային զինծառայող Սերգեյ Մանուկյանը, ըստ պաշտոնական վարկածի, ճնշման ենթարկվելով զորամասի հրամանատար Գեղամ Ասատրյանի և սպա Վահագն Գասպարյանի կողմից` դիմել է ինքնասպանության` ինքնաձիգով կրակելով իր բերանի մեջ: Այժմ նրանք մեղադրվում են ՀՀ քրօրի 375 հոդվածի 1-ին (իշխանազանցությունը կամ իշխանական անգործությունը` կատարված շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, ինչը էական վնաս է պատճառել) և 2-րդ մասերով (նույն արարքները, որոնք անզգուշությամբ ծանր հետևանքներ` մահ են առաջացրել) նախատեսված հանցանքներ կատարելու մեջ:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Հ.Դավթյանի, զորամասի հրամանատար Գ.Ասատրյանին, ով միայն 1-ին մասով է ընդունել մեղքը, դատապարտել է 7 տարվա ազատազրկման, իսկ սպա Վ.Գասպարյանին (նա ամբողջությամբ ընդունել է մեղքը)` 6, 5 տարվա ազատազրկման: Մինչդեռ տուժողի իրավահաջորդները` «ինքնասպանվածի» ծնողները, մեր ունեցած տեղեկություններով, չեն հավատում ինքնասպանության վարկածին. կարծում են, որ իրենց որդուն սպանել են և դատարանից ավելի խիստ պատիժ էին ակնկալում երեք ամբաստանյալների համար (այս գործով ևս մեկ սպա է անցնում` իմանալ-չհայտնելու մեղադրանքով): Սակայն Գեղամ Ասատրյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը, ով չի հավատում սպանության և հատկապես իր պաշտպանյալի կողմից Սերգեյ Մանուկյանին ինքնասպանության հասցնելու փաստին, «Ժամանակ»-ին փոխանցեց իր տեսակետը. ըստ այդմ, որոշ մարդիկ պարզապես շահագրգռված են եղել ազատամարտի մասնակից Գեղամ Ասատրյանին աշխատանքից հեռացնելու հարցում: Դա է պատճառը, որ նրան որպես մեղադրյալ են ներգրավել դեպքից միայն ամիսներ անց` 2010թ. հուլիսին: «Մեղադրանքի հիմքում որպես ապացույց դրվում է այդ զորամասի զինվորներից միայն մեկի` Գոռ Գոմչյանի ցուցմունքը, որ ինքը տեսել է, իբր, որ երբ հրամանատարի մեքենան դուրս է եկել զորամասի տարածքից` դարպասն ուշ բացելու համար հրամանատարը իջել է մեքենայից և ապտակել այդ պահակակետի ժամապահին, ու նրա դուրս գալուց մի տասը րոպե անց զինվորն ինքնասպանություն է կատարել», – նշեց պաշտպանը` պարզաբանելով, որ դրանից հետո նշանակվել է դատահոգեբանական համալիր փորձաքննություն. «Սկզբնական պատասխանով տրվում է, որ չեն կարող ասել` պատճառահետևանքային կապ կա՞ այդ ապտակի և ինքնասպանության միջև, թե՞ ոչ: Լրացուցիչ փորձաքննություն է նշանակվում, քննիչը նորից հիմք է ընդունում նույն զինվորի ցուցմունքը… ու փորձագետը տալիս է, որ պատճառահետևանքային կապ կա»:
Մինչդեռ, ըստ պաշտպանի, պատմությունն այսպես է եղել. Ս.Մանուկյանը, ով մի քանի ամսվա զինծառայող է եղել, սիգարետ չի տվել զորամասի սպա Վահագն Գասպարյանին, ինչից հետո լարվածություն է առաջացել, և վերջինս սկսել է վատ վերաբերվել Սերգեյին ու նրան ճնշել: «Ինքնասպանությունից մի քանի ամիս առաջ` 2009-ի մայիսին, այդ զինվորն ինքնավնասման փորձ է կատարել` ձեռքի երակն է կտրել նրա հետ ունեցած կոնֆլիկտից հետո: Ավելի ուշ իմ պաշտպանյալին մեկ այլ հոդվածով` 375-ի 1-ին մասով էլ են մեղադրանք առաջադրել (իշխանական անգործության` ինքնավնասման մասին իմանալու և միջոցներ չձեռնարկելու համար, իսկ մինչ այդ միայն 2-րդ մասով են մեղադրանք առաջադրած եղել.- հեղ.)… Իբր այդ ամենը հետևանք է եղել, որ նա (սպան) շարունակի իր գործողությունները զինվորի նկատմամբ, որը հանգեցրել է ինքնասպանության», – ներկայացնում է պաշտպանը և շարունակում, – դեպքի օրը, առավոտյան մահացող զինվորն ընդգրկված է եղել այդ օրվա հերթապահության ցուցակում և մինչև հերթապահության գնալը (14.00-16.00)` առավոտյան ժամը 12.00-ի հատվածում կոնֆլիկտ է ունեցել նույն Վահագն Գասպարյանի հետ: Սենյակից դուրս գալուց, էլի սիգարետի հետ կապված վիճաբանություն է լինում: Այդ սպան նրան ծնկի է իջեցնում, մի քանի հատ հարվածում դեմքին, ոտքերին, որտեղից դուրս գալուց նա (Սերգեյը.- հեղ.) ասում է. «Դե արդեն դավադիտ արիք, հեսա տեսեք` ինչ եմ անելու», և դա բոլոր վկաների ցուցմունքներով անցնում է, ովքեր որ այդտեղ են եղել: Ու ինքը ժամը երկուսին ընդունում է իր հերթապահությունը ու գնում իր պահակետ: Ժամը 15.50 րոպե, իր մեքենայով այդ պահակետով դուրս է գալիս զորամասի հրամանատարը: Ասում է` շատ դանդաղ մոտեցել եմ, երբ որ ինքը մոտեցել է դարպասին… Ինքը, չգիտեմ, ինչ խորհրդակցություն է ունեցել, շտապ դուրս է եկել` գնալու: Ինքը պահակակետի մոտով անցնելուց տեսել է, որ վերակարգում ընդգրկված երեք զինվորներից ոչ մեկը տեղում չի», – ասաց Ստեփան Ոսկանյանը` մեր ուշադրությունը հրավիրելով այն հանգամանքի վրա, որ վերակարգում ընդգրկվածներից ոչ ոք չի տեսել հրամանատարի կողմից ապտակելու պահը` եթե նույնիսկ նման բան եղել է: Իսկ միակ զինվորը` Գոռ Գոմչյանը, ով իբր տեսել է ապտակելու պահը, փաստաբանի կողմից հարցման ենթարկված զինվորներից մեկի խոսքերով դեպքի պահին եղել է զինանոցում և չէր կարող տեսնել պահակակետում կատարվող իրադարձությունը: Ըստ Ս.Ոսկանյանի` ապտակը «տեսած» զինվորը, թեև նախաքննության ընթացքում զորամասի հրամանատարի հետ առերեսման ժամանակ հաստատել է ապտակի դրվագը, սակայն չի ներկայացել դատական նիստերին. պատճառաբանել են, որ նա ՌԴ-ում է, սակայն երբ բերման ենթարկելու որոշմամբ ապահովել են ներկայությունը դատարանում, այնտեղ չի հաստատել այդ ցուցմունքը: Պաշտպանը միջնորդություն է ներկայացրել դատարան` քրեական գործ հարուցել նրա դեմ` կամ սուտ ցուցմունք տալու, կամ պետական սահմանն ապօրինի հատելու հիմքով, քանի որ պատկան մարմինները չեն հաստատել նրա կողմից` Հայաստանի Հանրապետության տարածքը լքելու փաստը: Դատարանը մերժել է ինչպես այդ, այնպես էլ մյուս` նրա ասածը հերքող զինվորին դատարան կանչելու միջնորդությունները: Ըստ պաշտպանի` թերի, ոչ բազմակողմանի քննություն է կատարվել:
Պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել իր պաշտպանյալի համար դատավճռով սահմանված պատիժը մեղմացնելու հիմքով:
Հ.Գ. Թե իրականում ամբաստանյալներից ում մեղքն է մեծ Սերգեյ Մանուկյանի մահվան մեջ` հուսանք, որ կպարզի դատարանը` համարժեք պատիժ տալով իրական մեղավորներին, բայց որ այդ ամենը չի կանխվում ու շատ դեպքերում հովանավորվում է հենց վերևից` համոզվել ենք բազմիցս…
«Ժամանակ» օրաթերթ
Լուսանկարը` PanArmenianPhoto-ի










































