«Ուոլթ Դինսեյ» կինոստուդիան պաշտոնապես ճանաչել է Էնդրյու Սթենթոնի «Ջոն Քարտեր» ֆիլմի դրամարկղային ձախողումը: Ըստ ընկերության ֆինանսական վերլուծաբանների՝ կորուստները կլինեն ռեկորդային ստուդիայի ողջ պատմության մեջ՝ հասնելով 200 մլն դոլարի,- հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Ֆիլմի բյուջեն կազմել է ավելի քան 350 մլն դոլար: Ըստ որոշ փորձագետների՝ ֆիլմի գովազդային հոլովակներն ու պաստառները շատ անհաջող էին՝ հանդիսատեսին վախեցնող: Հոլիվուդյան լրագրողները ֆիլմը համարել են մահացու ձանձրալի: «Ջոն Քարտերին» նույնպիսի ձախողում են կանխագուշակում, ինչպես և Մայքլ Չիմինոյի «Դրախտի դարպասները» ֆիլմին (1980), որը դրամարկղային տապալման յուրօրինակ ռեկորդակիր է:
«Ջոն Քարտերի» սցենարը հիմնված է Էդգար Ռայս Բերոուզի «Մարսյան պատերազմներ» եռագրության առաջին՝ «Մարսի արքայադուստրը» գրքի վրա:
Էնդրյու Սթենթոնը հանդիսատեսին ավելի շատ հայտնի է իր «Ուոլի-Ի» 2008 թ. և «Նեմոյին փնտրելիս» անիմացիոն ֆիլմերով:









































