Silver Shadow զբոսանավը Վիետնամի ափերի մոտ բախվել է բեռնանավի: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով դեպքի ականատեսներին: Ուղևորներից մեկը՝ Էնդրյու Լոքը, հեռուստաալիքին պատմել է, որ բախումը տեղի է ունեցել մարտի 16-ի առավոտյան՝ Վիետնամի ափերից 5 ծովային մղոն հեռավորության վրա: Բախման պատճառը թանձր մառախուղն է եղել:
Լոքի խոսքերով՝ բախման հետևանքով բեռնատար նավը զգալիորեն վնասվել է: «Մենք կարծում էինք, որ վիետնամական նավը կխորտակվի»,- ասել է նա՝ ավելացնելով, որ առավել մանրամասն տեղեկատվություն բեռնանավի մասին չունի: Զբոսանավը միայն թեթևակի վնասվածք է ստացել առաջամասում: Բախումից անմիջապես հետո զբոսաշրջիկները հավաքվել են ուղևորների տարհանման վայրում, սակայն 10 րոպե անց նավի կապիտանը հայտնել է, որ վտանգ չկա: Նավը բարեհաջող հասել է Հոլոնգի ծովախորշ:
Զբոսանավի սեփականատերը՝ Silversea Cruises ընկերությունը, հաստատել է բախման փաստը, սակայն վիտենամական բեռնանավի մասին ոչ մի տեղկություն չկա:
Silversea Cruises-ի շտաբ գրասենյակը գտնվում է Մոնակոյում, այն մասնաճյուղեր ունի ԱՄՆ-ում, ՄԵծ Բրիտանիայում, Ավստրալիայում և Սինգապուրում:











































