Ղազախստանի խորհրդարանը վերին (Սենատի) և ստորին (Մեջլիսի) պալատների միացյալ նիստի ժամանակ հավանության է արժանացրել սահմանադրական փոփոխությունները, որոնք հնարավորություն են տալիս երկարացնել երկրի նախագահի` Նուրսուլթան Նազարբաևի լիազորությունները մինչև 2020թ.-ը, իսկ դրանից հետո նրան շնորհել Ազգի առաջնորդ (Ելբաշի) կարգավիճակը: Այս մասին հաղորդում է RBC-ն` հղում անելով Մեջլիսի լրատվական ծառայության հայտարարությանը:
Նազարբաևի նախագահական լիազորությունները կարող են երկարացվել հանրաքվեի ժամանակ: Մինչ այդ, խորհրդարանի երկու պալատներն էլ դիմել էին երկրի ղեկավարին մնալու խնդրանքով: «Մենք` պառլամենտի պատգամավորներս, ինչպես նաև Ղազախստանի ողջ ժողովուրդը միայն Ձեզ և Ձեր անվան հետ ենք կապում մեր երկրի ապագան»,- ասված է նրանց դիմումում:
2011թ. հունվարի 7-ին Ն. Նազարբաևը հրամանագիր էր ստորագրել, որը մերժում էր վերոհիշյալ դիմումը: Նրա վետոն հաղթահարելու համար անհրաժեշտ էր ստանալ պատգամավորների 80 տոկոսի ձայները:
Հիշեցնենք, որ Նուրսուլթան Նազարբաևը նախագահի պաշտոնում է արդեն մոտ 21 տարի` սկսած 1990թ. ապրիլից: 2012-ին լրանում է նրա լիազորությունների ժամկետը: