Համացանցում հայտնվել է գործարար Սիլվա Համբարձումյանի և Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի միջև «Արմենա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցած միջադեպի տեսագրությունը: Տեսանյութի վերջին հատվածում մանրամասն երևում է, թե ինչպես է Սյունիքի մարզպետը հարվածում Սիլվա Համբարձումյանին և իր ուղեկիցների հետ հեռանում:
Հիշեցնենք, որ այս դեպքը տեղի էր ունեցել նախորդ տարվա նոյեմբերի 14-ին: Դեպքի առնչությամբ Սիլվա Համբարձումյանը գրավոր դիմում էր ներկայացրել ՀՔԾ, սակայն մեկ ամիս չանցած գործը կարճվել էր: Ս.Համբարձումյանի ցուցմունքի համաձայն՝ Ս.Խաչատրյանի ապտակից մարմնական վնասվածքներ չի ստացել և հրաժարվել է դատաբժշկի ուղեգրից, իսկ Ս. Խաչատրյանն իր ցուցմունքում հայտնել է, որ զղջում է կատարածի համար:
Նշենք, որ ՀՀԿ-ի երեկ հրապարակած համամասնական ցուցակում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը 59-րդ տեղում է: Սիլվա Համբարձումյանն էլ հայտարարել է, թե եթե Սյունիքի մարզպետը մեծամասնականով որոշի առաջադրվել, ինքը ևս իր թեկնածությունը կդնի: Նշենք, որ թիվ Սյունիքի 37 ընտրատարածքում Հանրապետականն առաջադրել է մարզպետի նախընտրած թեկնածուին` 28-ամյա Հայկ Գրիգորյանին:










































