Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ` «Կոնսենսուս» հետազոտական կենտրոնը հարցախույզ է անցկացրել Թուրքիայում՝ պարզելու համար երկրի նախագահի պաշտոնում ժողովրդի նախընտրած թեկնածուին:
Հարցախույզն անցկացվել է փետրվարի 23-ից մինչև մարտի 3-ն ընկած ժամանակահատվածում բոլոր 81 նահանգներում: Հարցախույզին մասնակցել է 18-ից բարձր տարիք ունեցող 1505 մարդ, որից 745-ը տղամարդիկ են, իսկ 760-ը՝ կանայք:
Հարցախույզի մասնակիցները պատասխանել են այն հարցին, թե ամենաշատն ում են ցանկանում տեսնել երկրի նախագահի պաշտոնում: Հարցախույզի մասնակիցներից 48.8 տոկոսը նշել է ներկայիս նախագահ Աբդուլլահ Գյուլի անունը, իսկ 16.9 տոկոսը՝ ներկայիս վարչապետ Ռեջեփ Էրդողանի անունը: Հիմնական ընդդիմադիր ուժ Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն զբաղեցրել է երրորդ տեղը՝ 13.3 տոկոս:
Բացի այդ, հարցախույզի մասնակիցները պատասխանել են այն հարցին, որ եթե Էրդողանն ընտրվի նախագահ, ապա վարչապետական պաշտոնում ով կփոխարինի նրան: Հարցախույզի մասնակիցների 36.5 տոկոսը նշել է Աբդուլլահ Գյուլի անունը, 32.1 տոկոսը փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բյուլենթ Արընչի անունը, ապա գալիս են տնտեսական հարցերով փոխվարչապետ Ալի Բաբաջանը՝ 6.6 տոկոս, արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն՝ 5.1 տոկոս, փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը՝ 3.6 տոկոս:
Հիշեցնենք, որ Թուրքիայի ներկայիս նախագահ Աբդուլլահ Գյուլը 2007 թվականի օգոստոսի 28-ին 7-ամյա ժամկետով, առանց վերընտրման իրավունքի, ընտրվել է Թուրքիայի 11-րդ նախագահ: Այն ժամանակ Թուրքիայի նախագահին ընտրում էր Թուրքիայի Ազգային մեծ ժողովը (ԹԱՄԺ), մինչդեռ այսուհետ, համաձայն 2007 թվականի հոկտեմբերի 21-ին տեղի ունեցած հանրաքվեով հաստատված սահմանադրական ուղղումների, Թուրքիայի նախագահին պետք է ընտրի ժողովուրդը:










































