«Արտակարգ ռեժիմի դրության մասին» օրենքը գալիս է կանոնակարգելու արտակարգ դրության ռեժիմում իրավիճակը: Այսօր ԱԺ լսումների ժամանակ այս մասին հայտարարեց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:
«ՀՀ Զինված ուժերը չեն կարող օգտագործվել քաղաքական նպատակներով»,- ի պատասխան ժառանգական պատգամավոր Զարուհի Փոստանջյանի դիտարկումների հավաստիացրեց նա:
«Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանն իր հերթին նկատեց, որ «Արտակարգ ռեժիմի դրության մասին» օրինագիծը դեմ է ՀՀ Սահմանադրության տառին և ոգուն: «Դիմեք ՍԴ և պարզաբանում ստացեք՝ իրավունք ունի՞ զինվորը երեկոյան ժամերին բացի իր ծառայության վայրից այլ տեղում գտնվել: Տվեք հստակ մեկնաբանություն՝ զինվորն ի՞նչ հագուստով և ե՞րբ կարող է ներկա գտնվել արտակարգ դրության ժամանակ: Այսօր բանակում ցանկացած սպանություն և դրա չբացահայտում բացասական ազդեցություն է թողնում բանակի վարկանիշի վրա: Չի կարելի հարգանքի արժանի այդ մարմինը ներքաշել ներքին կեղտոտ քաղաքական գործընթացների մեջ և վարկաբեկել նրան: Կոչ եմ անում հանել արտակարգ դրությունում ԶՈՒ ներգրավվածության մասին որևէ ձևակերպում: Արտակարգ դրությունը մեկ անձի թատրոն չէ, ոչ էլ նախագահը՝ միակ դերակատար»,- ասաց նա:
«Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն էլ իր հերթին հավելեց, որ «Արտակարգ ռեժիմի դրության մասին» օրենքը ոչ մի իշխանության չի փրկելու, ժողովրդական ցասման դեպքում ոչ մի զորք չի կարողանալու պահել իշխանությանը: «Բանակի ուժի կիրառումը արտակարգ դրության ժամանակ նպատակահարմար չէ: Համադրելով Սահմանադրությունն ու առկա իրողությունը բանակի օգտագործումն օրենքի ու տրամաբանության կոպիտ խախտումով է լինելու»,- ասաց նա:











































