Հունվարի 13-14-ը Երևանում տեղի ունեցավ տնտեսական, արդյունաբերական և տեխնոլոգիական համագործակցության հայ-կիպրական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը:
Հայկական պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը, կիպրական պատվիրակությունը` Կիպրոսի Հանրապետության Ծրագրավորման բյուրոյի մշտական քարտուղար Գեորգե Գեորգիուն:
Նիստի ընթացքում կողմերը տեղեկատվություն փոխանակեցին Հայաստանի և Կիպրոսի տնտեսությունների արդի վիճակի, ինչպես նաև երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարների վերաբերյալ:
ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներն իրենց կիպրացի գործընկերների հետ հանգամանալից քննարկեցին երկկողմ համագործակցության հնարավորություններն ըստ առանձին ոլորտների, այդ թվում` բարձր տեխնոլոգիաները, առողջապահությունը, զբոսաշրջությունը, էներգետիկան, տրանսպորտը, գյուղատնտեսությունը, կրթությունը, մշակույթը:
Նիստի աշխատանքների ավարտին երկու պատվիրակությունների ղեկավարները ստորագրեցին հայ-կիպրական միջկառավարական նիստի ամփոփիչ արձանագրությունը, որտեղ նախանշվեցին վերոնշյալ բնագավառներում երկկողմ համագործակցության ուղիները:
Նիստի արդյունքում որոշվեց հաջորդ հանդիպումն անցկացնել Նիկոսիայում:
Լուսանկարը՝ PanArmenianPhoto-ի










































