Կոնցեպտուլ բնույթի փոփոխություններ «Արտակարգ ռեժիմի դրության մասին» օրենքում չեմ տեսնում: Այսօր խորհրդարանական քառօրյա նիստերի լսումների ժամանակ այս մասին ասել է «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը:
«Այս օրենքը շարունակում է մնալ նախագահակենտրոն մեկ ինստիտուտի դերակատարում ապահովող գործոն: Կարծես ասում ենք՝ ոչ ոքի չենք վստահում, թող միայն նախագահը գործի: Կարծես՝ օրենքը գրված լինի խելագարության կանխավարկածով»,- նշել է նա:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, պատասխանելով Սաֆարյանի դիտարկումներին, նկատել է, որ օրենքը գրված է ոչ թե խելագարության, այլ ողջամտության կանխվարկածով:
Թեմայի շուրջ «Ժառանգության» մեկ այլ պատգամավոր Լարիսա Ալավերդյանի դիտարկումներին ի պատասխան՝ նախարարը հիշեցրել է, որ քանի դեռ վերոնշյալ ակտը չկա, դրանում նշված միջոցառումները չեն կարող կիրառվել:











































