Անգլիական «Լիվերպուլ»-ի առաջատար Լուիս Սուարեսը հայտարարեց, որ չի ցանկանում լքել ակումբը և պատրաստ է նոր պայմանագիր ստորագրել: Ընթացիկ մրցաշրջանում Սուարեսը բազմիցս հայտնվել է տհաճ միջադեպերի կիզակետում, որոնցից հետո լուրեր տարածվեցին, որ «Լիվերպուլ»-ն իր խաթարված հեղինակությունը վերականգնելու նպատակով պատրաստ է հրաժարվել ուրուգվայցու ծառայություններից: Սակայն Goal.com-ը փոխանցում է, որ «մերսիսայդցիներ»-ը պատրաստ են հարձակվողի հետ նոր պայմանագիր կնքել:
«Ես ցանկանում եմ մնալ թիմում: Չնայած այն ամենին ինչ տեղի է ունեցել, ինձ հիանալի եմ զգում այստեղ` թ՛ե խաղադաշտում, թ՛ե նրա սահմաններից դուրս: Ակումբի ղեկավարությունը գոհ է իմ խաղից և ցանկանում է, որ ես մնամ թիմում:
Պայմանագիրս գործում է մինչև 2016 թվականը, սակայն ակումբի ղեկավարությունն արդեն ցանկանում է այն երկարաձգել: Մարզիչը հավատում է իմ ուժերին: Դա շատ կարևոր է հատկապես 8 խաղյա որակազրկումից հետո»,- անգլիական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նշել է Սուարեսը:










































