Թունիսի նախագահ Զին ալ-Աբիդին Բեն Ալին լքել է երկիրը, հայտնում է Ալ-Ջազիրա հեռուստաալիքը: Իրավիճակի վերահսկողությունն այժմ անցել է զինվորականներին: Ըստ ոչ հավաստի տեղեկությունների` Բեն Ալիի ընտանիքը ձերբակալված է:
Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, Թունիսի վարչապետ Մոհամեդ Գանուչին իրեն երկրի նոր նախագահ է հռչակել:
Բեն Ալիի գտնվելու վայրը դեռևս անհայտ է: Որոշ տեղեկությունների համաձայն` նա ուղևորվել է Մալթա: Մինչ այդ երկրի օդային տարածքը փակ էր, իսկ մայրաքաղաք Թունիսի օդանավակայանը զինվորականների վերահսկողության տակ էր գտնվում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ընդդիմության զանգվածային միջոցառումների պատճառով Թունիսում արտակարգ իրավիճակ էր հայտարարվել: Ոստիկանության հետ բախումների արդյունքում զոհվել էին տասնյակ, վիրավորվել` հարյուրավոր մարդիկ: Ընդվզման պատճառը դժգոհությունն էր Բեն Ալիի վարած քաղաքականությունից, որը ղեկավարում էր հանրապետությունը 23 տարի անընդմեջ:
Դժգոհ քաղաքացիների բողոքի ցույցերը սկսվել էին դեկտեմբերի կեսերին և զուգորդվել էին իշխանությունների հետ կոշտ դիմակայությամբ, ինչի արդյունքում Բեն Ալին զիջումների գնաց. Նա հայտարարեց, որ պատրաստ է թուլացնել գրաքննությունը և իջեցնել սննդամթերքի գները: