Ռուսական Интерфакс գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երեկ այցելել է Թբիլիսիի մոտ ընկած «Վազիանիի» ռազմաբազա, ուր մարտի 10-24-ը ընթանում են Agile Spirit խորագրով զորավարժությունները:
Լրագրողների հետ զրույցում Սաակաշվիլին հայտարարել է, որ վրացական բանակը պետք է շարունակի մասնակցել Աֆղանստանում տարվող օպերացիաներին, քանի որ նրան անհրաժեշտ է մարտական փորձառություն.
«Եթե բանակը չունի մարտական փորձառություն, ապա այդ բանակը ոչ լիարժեք է: Դրա համար էլ վրացի զինծառայողները, չնայած կրած կորուստներին, պետք է մասնակցեն Աֆղանստանում տարվող ՆԱՏՕ-ի օպերացիաներին: Արդեն մի քանի հազար զինծառայող անցել է «աֆղանական դպրոցը» և այդ երկրում աշխարհի լավագույն բանակից ձեռք է բերել փորձառություն:
Agile Spirit զորավարժություններին մասնակցում է 300 ամերիկացի ծովային հետևակային և 400 վրացի զինծառայող: Առանց ամպագոռգոռ հայտարարությունների ու PR-ի,՝ մենք կշարունակենք մեր զինված ուժերի ամրապնդումն ու զարգացումը»:
Հիշեցնենք, որ Վրաստանն Աֆղանստանում տարվող օպերացիաներում ներգավվել է 2009 թվականից: Ներկայիս դրությամբ Աֆղանստանում գտնվող վրացի զինծառայողների թիվը 975 է: Պլանավորված է այս աշնանն այդ ցուցանիշը հասցնել մինչև 1700-ի, որով Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրների թվում Աֆղանստանում ամենամեծ զինվորական կոնտինգենտն ունեցող երկիրը: Ցայժմ Աֆղանստանում զոհվել է 15 վրացի զինծառայող:











































