«Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Կարինե Հակոբյանը դուրս է գալիս ընտրական պայքարից և լքում «Ժառանգությունը»: ԶԼՄ-ների հետ զրույցում հայտարարել է Կ. Հակոբյանը: Նա ասել է, որ իր համար անհասկանալի սկզբունքներով է «Ժառանգություն» կուսակցությունում մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակը կազմվել: «Ամեն ինչ պետք է ունենա իր տրամաբանությունը և հիմնավորված լինի», -նկատել է տիկին Հակոբյանը:
Հարցին, թե արդյոք նեղացած է, որ ցուցակում անցողիկ տեղում իրեն չեն ընդգրկել և այդ պատճառով էլ լքում է կուսակցությունը, տիկին Հակոբյանը պատասխանել է. «Անցողիկի ու ոչ անցողիկի հարց չկա. երբ քեզանից առաջ դու անուն ես լսում, որի ներկայությունը ցուցակում հիմնավորված չէ, դա է անհասկանալի ինձ համար: Պետք չէ, ի վերջո պետք է պատասխանատու մոտենալ խորհրդարանին, այնպես չլինի, որ միանգամից գան ու երկրի բախտը որոշեն»:
Կարինե Հակոբյանը սոցապ նախկին փոխնախարար է եղել, նախորդ խորհրդարանական ընտրություններում մասնակցում էր ընտրություններին Արամ Սարգսյանի ղեկավարած Դեմոկրատական կուսակցության կազմում: Անդամակցել է «Ժառանգությանը» շուրջ 2 տարի առաջ: