Քաղաքագետ Նվարդ Մանասյանը, ամենայն հավանականությամբ, կառաջադրվի ՀՅԴ համամասնական ցուցակով, իսկ ԿԸՀ դիմելու համար անհրաժեշտ տեղեկանքը ոստիկանության անձնագրերի ու վիզային վարչությունից կվերցնի երկուշաբթի: Այս մասին Մանասյանն ասաց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:
Քաղաքագետի խոսքով՝ առաջադրվելու հարցը ՀՅԴ-ում իր հետ քննարկել են օրերս: «Ես ՀՅԴ Գերագույն մարմնին ներկայացրել եմ իմ բոլոր նկատառումները, և ըստ էության չեն մերժել»,- նշեց նա:
Նշենք, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ ՀՅԴ ցուցակի առաջին կինը, այսինքն` վեցերորդ տեղում, ոչ Լիլիթ Գալստյանն է լինելու, ոչ էլ Ռուզան Առաքելյանը: Համաձայն լրատվամիջոցի՝ ՀՅԴ-ն կանգ է առել Բյուրոյի անդամ, Բրյուսովի համալսարանի դասախոս Նվարդ Մանասյանի վրա, որը կրթության փորձագետ է և անդամակցել է Եվրահանձնաժողովի կրթական բարեփոխումների աշխատանքներին: