Կանադայի ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս իր միասեռական քաղաքացիներին զգույշ լինել Սանկտ Պետերբուրգ այցելելիս՝ կապված այնտեղ գործող միասեռական սիրո քարոզչության դեմ գործող օրենքի հետ, գրում է Vancouver Sun օնլայն պարբերականը:
«Կանադացիները լավ կանեն խուսափեն միմյանց նկատմամբ սիրո դրսևորումներից, քանի որ միասեռականները կարող են հարձակումների օբյեկտ դառնալ (Սանկտ Պետրեբուրգում.- 1in.am)»,- ասվում է Կանադայի ԱԳՆ հայտարարության մեջ:
Ուրբաթ Կանադայի արտգործնախարար Ջոն Բերդը խորհրդարանում իր ելույթի ժամանակ հայտարարեց, որ Սանկտ Պետերբուրգում ընդունված օրինագիծը «հակասում է խոսքի ազատության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության վերաբերյալ կանադական հիմնական պատկերացումներին»: «Կանդայի դեսպանը նամակ է ուղարկել Ռուսաստանի իշխանություններին՝ մեր լուրջ անհանգստությունը հայտնելու»,- ասել է նախարարը:
Հիշեցնենք, որ վերջերս Սանկտ Պետերբուրգի քաղաքապետը օրինագիծ էր ստորագրել, որով արգելվում է միասեռականութան քարոզումը անչափահասների շրջանում:









































