Աֆղանստանի զիված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Մոհամմադ Քարիմը հայտարարել է, որ Քանդահար մարզում աֆղան խաղաղ բնակիչների սպանությանը մասնակցել են ոչ թե մեկ, այլ մի խումբ ամերիկացի զինծառայողներ, իսկ սպանությունը կրել է կանխամտածված և ծրագրված բնույթ:
Ինչպես հաղորդում են աֆղանական ԶԼՄ-ները, երեկ Քաբուլում տեղի ունեցած հանդիպմանը որին մասնակցել է նաև երկրի նախգահ Համիդ Քարզայը, սպանության զոհ դարձած աֆղանների հարազատները, Գլխավոր շտաբի պետը զեկուցել է, որ դիմել է Քանդահարի ամերիկյան ռազմաբազայի հրամանատարությանը՝ խնդրելով թույլ տալ իրեն հանդիպել սպանությունն իրականացրած սերժանտի հետ, սակայն մերժում է ստացել:
Նախագահ Քարզայն իր հերթին նշել է, որ դեպքի վայրում աշխատող տարբեր հանձնաժողովներ վկայություններ ունեն, որ սպանությունն իրականացրել են ոչ թե մեկ, այլ մի խումբ ամերիկացիներ:
Զոհերի հարազատները Քարզային պատմել են, որ ամեիկացիների գործողություններին մասնակցել է ավիացիան, մասնավորապես ուղղաթիռներ, որոնցով եկել են զինվորները:
Ավելի վաղ Քանդահարում աշխատող խորհրդարանական հանձնաժողովը հաստատել էր, որ սպանությանը մասնակցել է մինչև 20 ամերիկացի զինծառայող:
Այնուամենայնիվ, Պենտագոնը և արևմտյան ԶԼՄ-ները շարունակում են պնդել, որ գործողությանը մասնակցել է մեկ մարդ՝ սերժանտ Ռոբերտ Բեյլսը:










































